
Կոնքեռ. եկեղեցական զգեստներ

Հայոց հայրապետը Սբ. Պատարագին բացի քահանայական և եպիսկոպոսական զգեստավորումից, որպես հավելյալ զգեստի մաս, կրում է նաև կոնքեռը, որը կախվում է հայրապետի գոտուց: Այն քառակուսի զարդ է, պատրաստված ընտիր կտորից, ասեղնագործված, երեք անկյուններից ունի փոքրիկ ծոպեր, իսկ չորրորդ անկյունից երիզով ամրացվում է հայրապետի գոտուն: Երբեմն կաթողիկոսի շնորհմամբ կոնքեռ տրվում է նաև պատվավոր արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին՝ իբրև հարգանքի նշան:
Կոնքեռը հովվական մախաղի (փոքր տոպրակ է, մեծ մասամբ բարակ կաշուց կամ մազից, որի մեջ դնում են ուտելիքի պաշար և այլն և կախում են կռնակներին (Ստ. Մալխասյան)) նմանություն ունի և գավազանի հետ խորհրդանշում է նվիրապետի եկեղեցական հովվությունը:
Կոնքեռը, որ հիմնականում ունենում է խաչի պատկերը կամ Գառն Աստծո պատկերը, խորհրդանշում է հովվապետի այն սուրը, որով նա ընդդիմանում է յուրաքանչյուր անարդարության, կեղծիքի դեմ, որ խռովվում է սուրբ եկեղեցու անդորրը և արգելք է դառնում դեպի փրկություն տանող ճանապարհին:
surbzoravor.am