
Բազպան. հոգևորականի զգեստ

Բազպանը պատարագիչ հոգևորականի զգեստի մաս է: Այն կերպասե թևնոց է, որ կրում է հոգևորականը իր աջ և ձախ ձեռքերին՝ դաստակից մինչև արմունկը՝ իբրև վահան չարի դեմ, որպեսզի կարողանա սրբությամբ սպասավորել Աստծուն: Բազպանը կարվում է զգեստի կտորից, յուրաքանչյուրի վրա մեկական խաչով:
Կան երկու տեսակի բազպաններ.
1. Բազպանը դրվում է թևի վրա և տակի կողմից երկու ծայրերը իրար մոտեցնելով ամրացվում է կոճակներով և կամ էլ ամրակապով կապվում է թևին:
2. Թևը մտցվում է բազպանի մեջ և ետևից քաշելով հասցվում է մինչև արմունկը:
Քահանան զգեստավորման ընթացքում բազպանները հագնելիս աղոթում է՝ ասելով. «Տուր Տեր զօրություն ձեռին իմոյ եւ լուա զամենայն աղտեղությունս իմ, որպեսզի կարող լինիցիմ սպասավորել քեզ անախտութեամբ հոգւոյ եւ մարմնոյ»:
Երկու ձեռքերի պարագային էլ նույն աղոթքն է ասվում: Պատարագիչ հոգևորականը այս աղոթքով խնդրում է, որ Աստված իր ձեռքերին զորություն տա, որպեսզի անախտությամբ կարողանա սպասավորել Սբ. Սեղանի առջև և իրականացնել խորհուրդ խորինը: Մարդկային տկարությունը երբեք չի կարող քաջալերել այդ խորհուրդը կատարելու: Հետևաբար, երբ բազպաններն է կապում քահանան և ընթերցում այդ աղոթքը, ցույց է տալիս, որ այս խորհուրդն առանց Աստծո զորության, առանց Աստծո շնորհի և այդ շնորհի ներգործությամբ հնարավոր չէ իրականացնել:
Բազպաններն ունեն նաև գործնական նշանակություն. նրանք շապիկի թևերը հավաքված են պահում, որպեսզի արգելք չլինեն Սբ. Սեղանի սրբագործությունների ժամանակ:
surbzoravor.am