
«Ընդդիմադիրների խոշտանգման դեպքերի ես չեմ հանդիպել». Սրբուհի Գալյան
Այսօր Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը, շեշտելով, որ հարցը շատ զգայուն է։
«Հարցի հետ կապված շատ մեկնաբանություններ չենք կարող տալ այն պարզ պատճառով, որ դա գուցե խանգարի այն մարդկանց, որոնք այս պահին գտնվում են այդ վիճակում։ Դրա համար թույլ տվեք հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն չտալ։ Չէր կարող քայլեր չձեռնարկվել, բայց կարծում եմ՝ որևէ հարթակում այդ քայլերի մասին պարտադիր չէ խոսելը»,- նշեց Սրբուհի Գալյանը։
Լրագրողները նախարարին հիշեցրեցին, որ Վարդգես Գասպարին կրկին պառկել է փողոցում՝ բողոքում է ՀՀ-ում արդարության պակասից, մասնավորապես՝ ակտիվիստ Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածից, որի մեղավորները չպատժվեցին, Ս. Գալյանը պատասխանեց, թե մանրամասներից տեղյակ չէ։։
Լրագրողի հարցին, թե, օրինակ, ի՞նչ է անում, որպեսզի խոշտանգումները, մասնավորապես՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, տեղի չունենան, Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ համաձայն չէ հարցադրման հետ, քանի որ հարցադրումը լրագրողը ձևակերպումն է, որպես բացարձակ իրողություն։
«Իհարկե, հանցավոր երևույթներ մեր երկրում կարող են լինել, բայց դուք այնպես եք խոսում, կարծես թե դրանք ամեն անկյունում են և միտված են կոնկրետ շրջանակի դեմ։ Ասում եք՝ ընդդիմադիրների խոշտանգում, ես էլ ասում եմ՝ նման բան չկա, նման երևույթի ինքս չեմ հանդիպել»,- շեշտեց Սրբուհի Գալյանը։
Լրագրողները նրան հիշեցրեցին Եռաբլուրում որդեկորույս ծնողների հետ տեղի ունեցածը, երբ բերետավորները նրանց քարշ տալով՝ բերման ենթարկեցին, սակայն պատասխանատվության չենթարկվեցին, ինչին Սրբուհի Գալյանն արձագանքեց.
«Հարգելիներս, երբ դուք ասում եք՝ մասնավոր դեպք, ստիպում եք, որ գնամ այդ մասնավոր դեպքն ուսումնասիրեմ և գամ ձեզ ասեմ իմ կարծիքը՝ խոշտանգման հատկանիշներ կայի՞ն կամ չկայի՞ն։ Ուզում եմ հասկանալ, հարցի ակնկալիքը ո՞րն է։ Եթե փիլիսոփայական եք հարցնում, պիտի ասեմ, որ Կառավարությունը՝ ի դեմս նախարարության, ոլորտի քաղաքականությունը մշակում է այն ուղղությամբ, որ արդարադատությունը սպասարկի միայն արդարության շահը»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է լրագրողի դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ Աննա Հակոբյանը փաստացի ամուսնացած չէ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրա հետ բյուջեի հաշվին մեկնում է գործուղումների, Գալյանը հարցով պատասխանեց՝ իսկ արգելքը ո՞րն է։
«Հարց չեմ համարում, որպեսզի պատասխանեմ»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում