Ռուսաստանն ուժեղացնելու է ճնշումը. թույլ չի տալու թուրքական ազդեցության ուժեղացում՝ Հարավային Կովկասում. Արմեն Մանվելյան

Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ-ՌԴ շուրջ 4.5 ժամ տևած բանակցությունների ավարտից հետո ռուսական կողմը հայտարարեց՝ բանակցություններն օգտակար էին։

«Պայմանավորվել ենք պայմաններ ստեղծել` երկու երկրների միջև համագործակցությունն ամբողջությամբ վերականգնելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչպես նաև դաշինքի անդամ զորքերի հայտնվելն Ուկրաինայում անընդունելի են։

«Մենք այսօր մեր գործընկերներին բացատրեցինք այն, ինչ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է. ՆԱՏՕ-ի ընդլայնումն ուղղակի սպառնալիք է ՌԴ-ի շահերին, ուղղակի սպառնալիք մեր ինքնիշխանությանը»,- շեշտել է նա։

Ամերիկյան կողմի համար այս հանդիպումը եկավ ցույց տալու, որ բանակցություններին պետք է մասնակցեն բոլոր կողմերը, այդ թվում՝ ԵՄ-ն։

Կարդացեք նաև

«ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։ Ինչպես նաև, բարձր մակարդակի խմբեր ստեղծել՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման և տնտեսական համագործակցությունը խթանելու համար»,- հանդիպումից հետո մանրամասնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանն այս բանակցությունները համարեց համաշխարհային պատմության մեջ արձանագրվող հերթական համաձայնությունը, երբ պետությունները պատերազմներից հետո ինչ-որ փուլում նստում են բանակցությունների սեղանի շուրջ։

«Որևէ արտասովոր բան չի կատարվում այս բանակցություններով, պարզապես պետք է ընդգծել, որ որոշված է Ուկրաինայի ճակատագիրը։ Ուկրաինան այլևս չի ունենա իր նախկին տարածքները»,- ասաց Մանվելյանը։

Ըստ Ա. Մանվելյանի, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո իրավիճակ է փոխվելու ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հենց Հայաստանում։

«Հայաստանը հայտնվել է հիմար վիճակում, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունը հայտնվել է հիմարի դերում։ Մենք մնացել ենք վակուումային վիճակում այն դեպքում, երբ Հայաստանի ներսից ոչնչացրել են մեր անվտանգային ամբողջ համակարգը։ Այս վիճակն ունենք ոչ թե այս իշխանության դիլետանտության, այլ նրա պատճառով, որ հայկական շահը նրանք չեն ներկայացնում։ Այս պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը վերադառնալու է Հարավային Կովկաս, այնպես որ՝ պետք չէր և պետք չէ խաղեր տալ։ Ռուսաստանին այժմ անհրաժեշտ է լինելու անվտանգային նոր համակարգ Հարավային Կովկասում, ինչն ունենալու համար, այդ թվում և՝ Հայաստանում, պետք է ունենալ վստահելի գործընկերներ, իշխանության ղեկին պետք է ունենալ մարդիկ, որոնք ադեկվատ են և չեն խաբում։ Ռուսաստանը գնալով ուժեղացնելու է ճնշումը՝ ելնելով իր շահերից, և թույլ չի տալու թուրքական ազդեցության ուժեղացում Հարավային Կովկասում»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյությում։

Տեսանյութեր

Լրահոս