«Մեծարգո»-ից՝ «ժողովրդի հայր»․ ինչպես կանխել Փաշինյանի մտասևեռումը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետք է անցնի մի քանի փուլերով և վերջին փուլում պետք է քննության ենթարկվի 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի՝ որպես ՀՀ-ում ժողովրդի և պաշտոնական գաղափարախոսություն»,- ասել է նա։

Փաշինյանը խոստովանել է, որ գնում է ավտորիտար պետություն կառուցելու ճանապարհով․ «ժողովրդի գաղափարախոսություն», «պաշտոնական գաղափարախոսություն» կատեգորիաները հենց ավտորիտար համակարգերին բնորոշ արտահայտություններ են, որոնք Հայաստանում, իհարկե, կներկայացվեն «ժողովրդավարության» փաթեթավորմամբ։ Եվ միայն ամենավերջին փուլում, հայտարարվող բոլոր փուլերի հաջող ավարտից հետո որևէ ուսապարկ «ինքնաբուխ» կառաջարկի «ժողովրդական ու պաշտոնական» գաղափարախոսության հեղինակ «մեծարգո վարչապետին» հռչակել՝ որպես «ժողովրդի հայր»։

Իսկ մինչև այդ Հայաստանն առաջիկայում ներքաշվելու է «իրական Հայաստանի գաղափարախոսության» քարոզչական հիստերիայի մեջ։ Այդ ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով ու դեմքերով մարդկանց ներկայացվելու է, որ հայ ժողովրդի միակ նպատակը «երջանիկ ապրելն է», իսկ երջանիկ ապրելու միակ ճանապարհը՝ «իրական Հայաստանը»։ Երջանիկ կամ լավ ապրելը հակադրվելու է դրան խանգարող հռչակված ամենայնին՝ պատմությանը, պատմական հիշողությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Արցախին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը․․․այն ամենին, ինչը կազմում է հայ ժողովրդի անհատական ու հավաքական ինքնությունը և Հայաստանն աշխարհագրական տարածքից ու բնակավայրից բացի՝ դարձնում է պետություն։

Այդ հակադրությունն արտահայտվելու է ոչ միայն ու ոչ այնքան բարձրագոչ գաղափարախոսական ելույթներով, որքան պարզունակացված այնպիսի երկընտրանքներով, որոնք հասանելի կլինեն հայհոյանքը որպես քաղաքականություն ընդունող հասարակության լայն զանգվածների համար։ Իշխանական, նախընտրական քարոզչական կարգախոսները կարող են կառուցված լինել մոտավորապես հետևյալ սկզբունքով՝ «Ուզո՞ւմ ես խաղաղություն, ուրեմն՝ իրական Հայաստան», «Ուզո՞ւմ ես բարձր աշխատավարձ ու կենսաթոշակ, ուրեմն՝ իրական Հայաստան», «Ուզո՞ւմ ես դեպի Եվրոպա առանց վիզայի ճամփորդություն, ուրեմն՝ իրական Հայաստան»․․․

Կարդացեք նաև

Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարևորը դրա հիմքում ընկած սկզբունքն է՝ պոպուլիզմին վարժեցված քաղաքացիների համար բաղձալի իրականության խոստում, որը կարող է ապահովել «իրական Հայաստանը»։ Այս թեզերը տարածվելու են այնպես ու այնքան, որ «իրական Հայաստանին» հակադրվող ցանկացած մոտեցում իշխանությունը ներկայացնելու է՝ որպես իր խոստացած «դրախտային կյանքի» խոչընդոտ։ Այսինքն՝ աշխատելու է նաև հակառակ տրամաբանությունը «Ով դեմ է իրական Հայաստանին, դեմ է խաղաղությանը», «Ով դեմ է իրական Հայաստանին, դեմ է բարձր աշխատավարձերին», «Ով դեմ է իրական Հայաստանին, դեմ է առանց վիզայի Եվրոպային», և այդպես շարունակ։

Նիկոլ Փաշինյանն իր ռազմավարությունը կառուցել է այնպես, որ «իրական Հայաստանի» քննադատությունը կարող է ծուղակ դառնալ իշխանության դեմ պայքարողների համար։ Բայց այս հարցում կա առանձնահատկություն, որի վրա էլ հիմնված է  Փաշինյանի վստահությունը։ Եթե կարճ՝ դա բոլոր ընդդիմությունների քարացած, ինչ-որ իմաստով՝ հնացած գործելաոճն է, որն էլ կարող է ապահովել Փաշինյանի՝ այսօրվա իրողություններին համապատասխանեցրած մանիպուլյացիոն թեզերի հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքական-քարոզչական կամպանիայի հիմքում այն մոտեցումն է, որ ինքն «անխուսափելիորեն» կործանել է Արցախը, վտանգի է ենթարկել Հայաստանի անվտանգությունը, դա արել է իր «նախկին սխալ մտածողության պատճառով», որի համար մեղավոր է, բայց պատասխանատու չէ, սակայն, եթե հասարակությունը չի ցանկանում թույլ տալ դրա շարունակությունը, այսինքն՝ պետության վերջնական կործանումը, պետք է ընտրի «իրական Հայաստանը»։

Այսինքն՝ «իրական Հայաստանն» այն է, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով մնացել է իրական հայկական՝ նաև Արցախն ընդգրկող կենսատարածքից։ Բայց իր ողջ ողբերգականությամբ հանդերձ՝ այն նոր ժամանակների, այսօրվա իրողություն է։ Իսկ նրա դեմ հանդես եկողների պայքարի ծուղակն այն է, որ գրեթե բոլորը փաշինյանական՝ այսօրվա իրողություններին համապատասխանեցրած  «իրական Հայաստանի» հայեցակարգի դեմ պայքարում են նախկին՝ մինչև 2020-ը գոյություն ունեցած գաղափարներով ու կաղապարներով։ Խտացված կերպով՝ հակաիշխանական միտքը փաշինյանական «իրական Հայաստանին» գրեթե մեխանիկորեն ուղղակի հակադրում է «պատմական Հայաստանը»՝ համեմված էմոցիոնալ փաթեթավորմամբ։

Խնդիրն այդ հակադրության ճշմարտացիությունն ու արդարացվածությունը չէ, այլ այն, որ քարոզչության, լայն զանգվածներին համոզելու տեսանկյունից ընդդիմադիր միտքն ասոցիացվում է պատերազմի, նոր կորուստների, այնպիսի հավակնությունների հետ, որոնք «իրական Հայաստանի» համեմատ՝ մարդկանց թվում են ավելի վտանգավոր ու կործանարար։ Եվ կրկին՝ խնդիրը դրա ճշմարտացիությունը չէ, այլ այն, որ ընդդիմադիր այս դիրքավորումն իշխանական քարոզչության կողմից հեշտորեն ներկայացվում է՝ որպես ավելի մեծ սպառնալիք, քան Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր անդեմ ու անարժանապատիվ պետության կոնցեպտով։

Առաջին հայացքից իսկապես ծուղակային թվացող այս իրավիճակից ելքը, ի թիվս այլ նոր շեշտադրումների, կարող է լինել ոչ թե «իրական Հայաստանին» «պատմական Հայաստանը» հակադրելու մեխանիկան, այլ այնպիսի ինտելեկտուալ ու գաղափարական աշխատանքը, որը ցույց կտա, որ իրական և պատմական հայաստանները ոչ թե հակադրվում են, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի, առանց փոխլրացնելու ու առանց գոյակցության։ Այսինքն՝ իրական Հայաստանը, այդ թվում ու առաջին հերթին՝ պատմական Հայաստանն է՝ պատմական հիշողությամբ, հազարամյա ավանդույթներով, նախնիների պաշտամունքով։

Միևնույն ժամանակ, պատմական Հայաստանը պետք է ներկայացվի ոչ միայն ու ոչ այնքան՝ որպես սրբադասման առարկա, անքննելի տաբու, այլ՝ որպես առանց չակերտների իրական Հայաստանի ամրապնդման ու հզորացման գրավական, որը՝ իր մեջ ներառելով անցյալի հոգևոր, քաղաքական, մշակութային հիշողությունները՝ միևնույն ժամանակ ոչ թե նոր պատերազմի շարժառիթ է, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ հնարավորն առանց պատերազմի պաշտպանելու ու միևնույն ժամանակ՝ ազգային արժանապատվությունն ու ինքնությունը պահպանելու բանաձև։

Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե սա դյուրին աշխատանք է ու պահանջում է սոսկ ճիշտ ընտրված ձևակերպումներ ու բանաձևեր։ Իրականում սա բազմաշերտ, բազմագործոն, իր մեջ քաղաքական, սոցիալական, պատմական, դիվանագիտական և բազմաթիվ այլ բաղադրիչներ ընդգրկող աշխատանք է, որը հնարավոր չէ իրականացնել ուղղակի բոցաշունչ ելույթներով կամ դիտարժան հարցազրույցներով։

Սակայն դժվարին լինելով, սա ստեղծված իրավիճակում, 2026 թվականին ընդառաջ կատարելիք գուցե միակ աշխատանքն է, որը կարող է կանխել «իրական Հայաստանի» ցնդաբանությունը որպես «ժողովրդական ու պաշտոնական գաղափարախոսություն» հաստատելու՝ փաշինյանական մտասևեռումը, ինչն իրականում ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանից մնացածի վրա նրա իշխանությունը պահպանելու մասին է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս