«Նախ նայի՛ր քո կուսակցության քաղաքական անցյալին». ԱԶԿ-ի խոսնակը՝ Օզելին

Թուրքիայում ՏԻՄ ընդդիմադիր ղեկավարների ձերբակալությունների և պաշտոնանկությունների ֆոնին ձևավորված ներքաղաքական լարված իրավիճակը շարունակում է դրսևորվել իշխանություն-ընդդիմություն քննադատական գրոհներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն արձագանքել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի վերջին հայտարարություններին, որտեղ Էրդողանին մեղադրել էր Թուրքիայի 7-րդ նախագահի հեղաշրջման ավանդույթները շարունակելու մեջ:

Օմեր Չելիքն ընդդիմադիր կուսակցապետին խորհուրդ է տվել նայել իր կուսակցության քաղաքական անցալին՝ նախքան այլ կուսակցությունների անցյալի մասին խոսելը:

«Օզգյուր Օզել, ժողովրդավարության տապալմանն աջակցող քաղաքական ավանդույթների մասին տեղեկություն եթե փնտրես, ապա պետք է նախ և առաջ քո իսկ կուսակցության քաղաքական պատմությանը նայես»:

Հիշեցնենք, որ Օզելը, արձագանքելով ԺՀԿ-ական Վանի համաքաղաքապետ Աբդուլլահ Զեյդանի պաշտոնանկությանն ու նրա փոխարեն հոգաբարձուի նշանակմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր հեղաշրջման ավանդույթներ ունենալու մեջ, որի մեկնարկը տրվել էր դեռևս 1980-ին Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը:

Այդ ժամանակ թուրքական բանակը` Քենան Էվրենի գլխավորությամբ, 1980 թվականին իշխանությունից հեռացրեց Սուլեյման Դեմիրելի կառավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս