![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռուբեն Վարդանյանը պատանդի կարգավիճակում ավելի կարևոր քայլ արեց Հայաստանի համար, քան շատ հայ պաշտոնյաներ». Տաթևիկ Հայրապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Tatevik-Hayrapetyan-2.jpg)
Բաքվի զինվորական դատարանում երեկ շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, 1,5 տարի Բաքվում պատանդառության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստը։
Նախորդ նիստում դատախազն ընթերցել է «մեղադրական եզրակացությունը», ըստ որի՝ Վարդանյանին առաջադրված մեղադրանքները սկսվում են 1988 թվականից, երբ նա դեռ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր:
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատական նիստի ժամանակ Վարդանյանի փաստաբանը բողոք է ներկայացրել դատարանի կազմի դեմ՝ հայտարարելով, որ դատավորները շահագրգռված են Արցախի նախկին պետնախարարի քրեական հետապնդմամբ, հետևաբար՝ այս կազմով արդար դատաքննություն լինել չի կարող։
Դատարանը, սակայն, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտարարել է, որ չի քննարկել Վարդանյանի պաշտպանի բողոքը։
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 13-ին։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ եթե ուշադրություն դարձնենք այս շինծու դատավարական գործընթացին, ապա ակնհայտ կդառնա, թե որքան հնարովի է այդ ամբողջ գործը։
«Նույն Ռուբեն Վարդանյանի հետ կապված հատորներով մեղադրանքներ են ներկայացրել ու չեն կարողանում այդ ամենը թարգմանել, որպեսզի հասկանան, թե իրեն ինչում են մեղադրում։ Այս «դատավարություններից» մեկի ժամանակ իբր խոսում են Ռուբեն Վարդանյանի՝ «Խոջալուի դեպքերի» կապի մասին, մինչդեռ Ռուբեն Վարդանյանը ֆիզիկական առումով չէր կարող այնտեղ լինել, որովհետև գտնվում էր Մոսկվայում։ Հետո հենց իրենք դա ժխտեցին։ Այս բոլոր կիքսերը, վրիպակները ցույց են տալիս, որ իրենք չեն էլ կարողանում անգամ իրենք իրենց ներսում այս չակերտավոր դատավարությունը կազմակերպել ու իրական ինչ-որ բան ներկայացնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Փորձագետն ընդգծեց, որ այստեղ կարևոր է հասկանալ, որ ընթացող ամբողջ գործընթացն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մասին խոսում են Ադրբեջանի պետական, պաշտոնական մարմինները, լրատվամիջոցները, այդ մասին խոսում է նաև ադրբեջանցի դատախազը, որը ներկայացնում է գործը։
«Եթե ուշադրություն դարձնենք, մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» ժամանակ փաստացի ամբողջ ընթերցումն ուղղված էր հենց Հայաստանի դեմ, որ Հայաստանը պետք է միլիարդների հասնող փոխհատուցումներ վճարի։ Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանին մեղադրում են «ֆաշիստական, ագրեսոր» լինելու մեջ։ Հայաստանի լավագույն կռվանը հենց միջազգային ատյաններում իրավական գործընթացներն են։ Եթե Ադրբեջանն ունի այդպիսի մեղադրանքներ, փաստեր Հայաստանի դեմ, ապա ինչո՞ւ պետք է ցանկանա հրաժարվել միջազգային իրավական ատյաններից և այդ ամենին միջազգային հնչեղություն տալուց։ Փաստացի Ադրբեջանը փակ համակարգում, առանց որևէ միջազգային ներկայացվածության, ամբողջովին փակ նիստերով, նորմալ թարգմանիչներ անգամ չտրամադրելով, շինծու գործընթացներ է իրականացնում, մեղադրական եզրակացություններ է կարդում, և այլն։ Իրականության մեջ Ադրբեջանը որևէ փաստարկ էլ չունի, հենց դրան էլ հայկական կողմը պետք է հղում անի։ Եթե հայկական կողմն այս ամենից հրաժարվում է, նշանակում է, որ թույլ է տալիս, որպեսզի Ադրբեջանն ամբողջը մեկնաբանի այնպես, ինչպես իր համար ցանկալի է»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։
Նա նաև շեշտեց՝ այս ամենը ՀՀ այս կամ այն ղեկավարի դեմ չէ, երկարաժամկետ առումով, սա ուղղված է հենց Հայաստանի դեմ։
Թե ի՞նչ հակաքայլեր է անում ՀՀ իշխանությունը, և Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացումն արդյո՞ք կապված է միջազգային աղմուկի հետ, որը տեղի ունեցավ նրա ապօրինի կալանքից հետո՝ հարցին Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց.
«Միակ իրական, նորմալ հայտարարությունը, որը Հայաստանից հնչել է, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ այս գործն ուղղված է Հայաստանի դեմ։ Նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին Ադրբեջանի ձեռքին կռվաններ էր տալիս Ռուբեն Վարդանյանի մասին՝ բավականին անհիմն ու անհեթեթ հայտարարություններ անելով։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացմանը, այնտեղ որոշակի տարբերություններ կան, բայց կարծում եմ՝ առանձնացնելը կապված է Վարդանյանի անունի, միջազգային համբավի, նրա ընտանիքի ունեցած կապերի հետ։ Ադրբեջանում էլ են հասկանում, որ նման հնարավորություններով ու նման ճանաչում ունեցող մարդու վրա հեշտ չէ «գործ կարել»։
Եթե հիշում եք, Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձում պարզ ասել էր, որ անձնապես որևէ բան չի ստորագրել, ամբողջը շինծու է։ Նա, գտնվելով պատանդի կարգավիճակում, ավելի լուրջ ու կարևոր քայլ արեց Հայաստանի համար, քան շատ հայ պաշտոնյաներ, որոնք նստած են իրենց կաբինետներում։ Նա ցույց տվեց, թե ինչպես է Ադրբեջանը ձեռք բերել այն ամենը, որը կներկայացնի»։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է: