USAID-ն թավշյա հեղափոխություններ ու հեղաշրջումներ է հովանավորել հետսովետական երկրներում․ Զախարովա

«ՌԴ մեկնաբանությունները USAID-ի մասին չեն արտացոլում պատկերի այն հրեշավորությունը, որը ներկայումս բացվում է ողջ աշխարհին գործակալության գործունեության մասին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ամերիկյան USAID-ի փակմանն ու գործակալության վերաբերյալ վերջին օրերին հնչող քննադատություններին։

Նրա խոսքով՝ այդ գործակալության գործունեության վերաբերյալ շոկային տեղեկատվություն է բացահայտվում վերջին օրերին։

«Դա ուներ USAID անվանումը, չգիտեմ՝ հիմա ինչպես կանվանվի։ Երկար տարիներ այն հայտնի էր՝ որպես USAID, սակայն այն պետք էր անվանել այնպես, ինչպես ճիշտ կլիներ՝ այլ երկրներում իշխանափոխություններ կազմակերպելու կամ ներքին գործերի միջամտության գործակալություն։ Բայց ՌԴ-ն վաղուց խոսել է այս մասին, իսկ 2012 թվականին մենք վռնդել ենք երկրից և արել ենք մանրամասն մեկնաբանություններ այս առնչությամբ, քանի որ հայտարարված գործունեությունը չէր համապատասխանում այն գործողություններին, որոնք գործակալությունն այստեղ իրականացնում էր։ Բայց նույնիսկ մեր մեկնաբանությունները չեն արտացոլում պատկերի այն հրեշավորությունը, որը ներկայումս բացվում է ողջ աշխարհին»,- մեկնաբանեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նշեց, որ այդ գործակալությունը վերջին 20 տարիների ընթացքում դիրքավորել է իրեն՝ որպես ամերիկյան «փափուկ ուժի» խորհրդանիշ, իսկ ներկայումս պարզվեց, որ հենց իրենք՝ ամերիկացիները, ցանկանում են ոչ միայն «փափուկ ուժ» կիրառել, այլև նույն այդ գործակալության հանդեպ կոշտ քայլեր ձեռնարկել։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ ամերիկացի հարկատուների գումարները հատկացվել են ոչ թե հումանիտար օգնությունների համար, ինչը հայտարարվում էր, այլ այդ գումարները՝ միլիոններ, տասնյակ, հարյուրավոր միլիոններ, հատկացվել են կասկածելի նախաձեռնությունների»,- ասաց Զախարովան։

Նա հայտարարեց, որ USAID-ն ուղիղ հովանավորել է, այսպես կոչված, թավշյա հեղափոխություններ ու հեղաշրջումներ, իշխանափոխություն հետսովետական երկրներում, այդ թվում՝ Վրաստանում մասսայական բողոքի ակցիաներ, Ղրղըզստանում, Ուկրաինայում պետական հեղաշրջում։

Ըստ Զախարովայի՝ այն գործել է հիմնադրամների, դրամաշնորհների, ոչ պետական կազմակերպությունների միջոցով, որոնց արմատները խորապես մխրճվել են և լուրջ ազդեցություն գործել աշխարհի շատ երկրների պետական կառավարման համակարգերի վրա։ «Մենք այդ մասին երկար տարիներ խոսել ենք»,- ասաց Զախարովան։

Ուշագրավ է, որ Զախարովան օգտագործեց, «այսպես կոչված, թավշյա հեղափոխություն» անվանումը, որը կիրառվում է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործընթացի վերաբերյալ, որի հետևանքով Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը։

Զախարովան չմասնավորեցրեց, թե որտեղ է տեղի ունեցել նման հեղափոխություն, սակայն այդ տերմինի օգտագործումն առնվազն ուշագրավ է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս