Ավելի լավ է՝ լռեր…
Օրեր առաջ համացանցի հայկական տիրույթը փոթորկվեց մի տեսանյութից, որում ծագումով ադրբեջանցի իրանցիները մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգում էին «Ղարաբաղ»՝ խաղալով յուրաքանչյուր հայի հոգու ամենանուրբ լարերի վրա, բայց ի զարմանս բոլորիս, որևէ մեկը՝ ո՛չ պարեկներ, ո՛չ անցորդ քաղաքացիներ, այդպես էլ չփորձեցին անգամ սաստել նրանց:
Ավելի ուշ պարզվեց, որ տեսանյութը հրապարակել է Ռազմավարական անկախ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր, 70-ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանը:
Դեռևս Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) անունը կրող, բայց երբեմնի այդ կառույցի հետ արդեն իսկ գրեթե բովանդակային առնչություն չունեցող իրավապահ կառույցը նախ սկսեց հիմնավորել, որ երգողները Իրանի քաղաքացիներ են, ինչը ոչ ոք չէր էլ վիճարկում, ապա սկսեց մուննաթ գալ բոլորիս վրա, հաջորդ փուլով էլ կոչ արեց Քննչական կոմիտեին (ՔԿ) քրեական վարույթ նախաձեռնել: Հրահանգն անմիջապես կատարվեց:
Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցն անհապաղ քրեական վարույթ նախաձեռնեց, Ղարիբ Բաբայանին ձերբակալեցին, ու քննիչը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Ղարիբ Բաբայանին կալանավորելու համար:
«Ղարիբ Բաբայանին ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը»,- գրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Մարկոսյանը նախորդ տարվա դեկտեմբերին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական նշանակված, իբր ընդդիմադիր հայացքներ ունեցող, ողջ գիտակցական կյանքում դատախազական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած, ի դեպ, նախկին իշխանությունների օրոք, Գագիկ Մարկոսյանի որդին է:
«Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ.Բ.-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։
Նշված արարքը կատարելու համար Ղ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- այս խայտառակ մեջբերումը ՔԿ հաղորդագրությունից է:
Մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ ԱԱԾ-ն ոչ միայն թույլ է տալիս, որ ադրբեջաներենով մեզ ծաղրեն Հանրապետության մայրաքաղաքի սրտում, այլև հրահանգում է քրեական վարույթ հարուցել տեսանյութը տարածող անձի նկատմամբ, ՔԿ-ն էլ մարդուն ձերբակալում ու տանում է կալանքի:
Ողբերգությունն այլ տեսք չի ունենում:
Ինչևէ, կալանքի նիստը նշանակվեց երեկոյան 22։30-ին, և գիշերը ժամը 2-ին մոտ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանը չի կալանավորել Ղարիբ Բաբայանին, այլ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոց՝ սահմանափակում դնելով նրա հրապարակային խոսքի վրա:
Մտահոգիչ է, որ քննիչը միջնորդությունը մերժել է ոչ թե հիմնավոր կասկածի բացակայությամբ, այլ ընդամենը խիստ խափանման միջոց չի կիրառել:
Պետք է նշել, որ դատարանի բակում հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել, և յուրաքանչյուրը նշում էր՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված վարույթը վարույթ է իրենցից յուրաքանչյուրի դեմ:
Մինչ մենք նկարագրում ենք դեպքերի ընթացքն ու ժամանակագրությունը, ընթերցողը նկատեց, որ այս շղթայում բացակայում է Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ): Դեպքին վերջինս արձագանքեց միայն Ղարիբ Բաբայանի ազատ արձակվելու հաջորդ օրը՝ ժամը 16։20 րոպեին:
Վերջինս, ինչպես միշտ, երկարաշունչ տեքստ էր գրել, որի վերջին մինչև հասնում ես, սկիզբը մոռանում ես, բայց, այնուամենայնիվ, երկու մեջբերում անենք:
«Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակն ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը,- գրում է Անահիտ Մանասյանը, ապա հավելում,- Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին», բայց այնուամնենայնիվ, «Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը»:
Քաղաքական իշխանության ներկայացուցիչները կարող են հանգիստ քնել. Իրենք ՄԻՊ-ի հոգածության ներքո են:
Ուշագրավ է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքը թույլ է տալիս ՄԻՊ-ին ցանկացած դեպքում, երբ ինքը մարդու իրավունքների խախտում է տեսնում, ընթացակարգ սկսել՝ անկախ նրանից՝ բողոք կա, թե չէ, մարդն էլ սկսել է, հետո՞ ինչ, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ջրերն արդեն հանդարտվել էին:
Առհասարակ իրավաբանների շրջանում մի խոսք կա՝ «ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ», և Անահիտ Մանասյանը պետք է լավ իմանա, որ «պտիչկայի» համար գրված հաղորդագրությունը ոչինչ է այն դեպքում, երբ դու ուշացած պաշտպանություն ես իրականացնում, ու հատկապես, երբ այդ «Պաշտպանությունն» ավելի շատ իշխանության պաշտպանություն է, և հատկապես, որ կոնկրետ գործի վերաբերյալ ընդհանրական մեջբերումներ են արվում:
Պարզ է, որ լինելով ՀՀ պատմության միակ ՄԻՊ-ը, ով քննադատությանը պատասխանում է՝ քրեական վարույթի սպառնալիքով, շահագրգիռ պիտի լինի անդրադառնալ մի թեմայի, որը կարող է հարվածել իշխանությանը:
Այդ դեպքում ավելի ազնիվ կլիներ առհասարակ չխոսել, հատկապես որ, վաղուց ոչ ոք նրանից ոչինչ չի էլ ակնկալում: Իշխանությունն էլ է գործում նույն տրամաբանության մեջ. ոչ մի տարբերություն: Ու մարդը զրկվում է պաշտպանությունից ու նպաստում իշխանության չարաշահմանը:
168.am–ը ուղիղ հեռարձակում էր ապահովել դատարանի բակից, բազմաթիվ հանրային-քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ իրենց կարծիքը հայտնեցին տեղի ունեցողի նկատմամբ, և որևէ մեկը ՄԻՊ-ի անունը չտվեց. Անահիտ Մանասյանը հասել է նրան, որ իրենից քաղաքացիներն ակնկալիք չունեն, իսկ իշխանությունների ակնկալածն ինքը հրաշալի անում է: Սա ահազանգ պիտի լինի որևէ պետական պաշտոնյայի համար, հատկապես երկաթյա մանդատ ունեցող ՄԻՊ-ի: