Չինաստանը հայց կներկայացնի ԱՀԿ-ին և հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի նկատմամբ
Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել և կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների համար լրացուցիչ 10% մաքսատուրքերի սահմանմանը, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունը։
Ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործողությունների՝ Չինաստանը հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և կձեռնարկի համապատասխան հակաքայլեր՝ վճռականորեն պաշտպանելու իր իրավունքները և շահերը։
«Միացյալ Նահանգների կողմից լրացուցիչ մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները և ոչ միայն չի նպաստում սեփական խնդիրների լուծմանը, այլև խաթարում է երկու երկրների միջև նորմալ առևտրատնտեսական համագործակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանը հուսով է, որ ամերիկյան կողմը կարող է օբյեկտիվ և ռացիոնալ վերաբերվել և լուծել ֆենտանիլի և այլ հարցերի հետ կապված իր խնդիրները, այլ ոչ թե սպառնալ այլ երկրներին լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմամբ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին ուղղել իր սխալ գործելակերպը և շարժվել Չինաստանին ընդառաջ, առերեսվել խնդիրներին, վարել անկեղծ երկխոսություն, ամրապնդել համագործակցությունը և հարթել տարաձայնությունները հավասարության, փոխշահավետության և փոխադարձ հարգանքի հիման վրա», – ասվում է հայտարարության մեջ։



