Վրաստանում գրիպի վիրուսի պիկն է
Վրաստանում գրիպի, այդ թվում՝ խոզի գրիպի տարածման պիկն է, հիվանդանոցները ծանրաբեռնված են։ Բժիշկները քաղաքացիներին հորդորում են զգույշ լինել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով, դեկտեմբերի երկրորդ կեսից հիվանդանոց դիմողների թիվը կտրուկ աճել է։
«Բնակչությունն ավելի շատ հիշում է խոզի գրիպը, բայց մեզ՝ բժիշկներիս համար էական չէ, թե որ գրիպն է դա։ Բոլոր շնչառական վիրուսային վարակներից գրիպն այն է, որին մենք ամենաշատ ուշադրություն ենք դարձնում, քանի որ դա է ամենից հաճախ բարդություններ առաջացնում: Հենց գրիպն է նրանց հասցնում հիվանդանոց, ցավոք, երբեմն նույնիսկ մահացության պատճառ դառնում»,- ասել է Չխաիձեն։
Համաճարակաբանները Վրաստանում գրիպի սեզոն են համարում նոյեմբեր-մարտ ամիսը։ Հիվանդացության գագաթնակետը տեղի է ունենում ամեն տարի տարբեր ամիսներին, առավել հաճախ՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում գրիպի դեպքերի կտրուկ աճը սկսվել է դեկտեմբերի երկրորդ կեսից։ Այն ժամանակ գրիպի դեպքերի համամասնությունը կազմում էր 25 տոկոս։ Այն իր առավելագույնին է հասել հունվարի երրորդ շաբաթում՝ հասնելով 60 տոկոսի։ Այժմ կազմում է 58 տոկոս։
«Խոզի գրիպ»-ը, որ հայտնի է նաև որպես H1N1, 2009 թվականին է տարածվել աշխարհում, խլել է 280 հազար մարդու կյանք: H1N1-ը բնութագրվում է.
- բարձր ջերմություն (38°C), բայց ոչ միշտ,
- մկանային ցավ,
- քրտնարտադրություն, սարսուռ,
- հազ,
- կոկորդի ցավ,
- քթարտադրություն,
- հոգնածության և թուլության զգացում,
- փսխում (հազվադեպ):