Շախմատի գեղեցկությունն «ապագան տեսնելու» մեջ է. Ռոբերտ Հովհաննիսյան
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին վերջին տարիներին սերնդափոխություն է ապրում: Հավաքականի ամենահին «բնակիչ»-ը իր նորամուտի տարում` հեռավոր 2011 թվականին, ընտրանու կազմում դարձել էր աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչումը նվաճում է Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինիս «Արմենպրես»-ի հետ խոսել է շախմատում իր ճանապարհի, մարզաձևի գեղեցկության ու հավաքականի հեռանկարի մասին:
– Ռոբերտ, սկսելով ամենասկզբից, ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել շախմատով:
-Ինձ շախմատ խաղալ սովորեցրել է հայրս: Նա երկար տարիներ հետևում էր ինձ, ինչպես նաև մրցաշարերին, որոնց մասնակցում էի: Իսկ իմ առաջին մարզիչը եղել է Յուրի Օհանյանը, սակայն առանձնակի կերպով կուզեի նշել Ադոլֆ Դեմիրխանյանին, որի հետ աշխատանքն ինձ համար իսկապես բացառիկ էր: Նա շատ մեծ ներդրում է ունեցել իմ աճի մեջ: Դեմիրխանյանի մոտ գնացի որպես փոքրիկ, որը հետաքրքրված էր շախմատով, սակայն նրա հետ աշխատանքի արդյունքում դարձա Հայաստանում լավագույններից մեկը` դառնալով մինչև 12 տարեկանների չեմպիոն:Աշխատել եմ նաև Արսեն Եղիազարյանի, Վրեժ Օրդյանի, Վլադիմիր Հակոբյանի և այլոց հետ:
– Արդյոք եղե՞լ է մի մրցաշար, որից հետո վերջնականապես ինքներդ Ձեզ համար որոշել եք, որ ապագան կապում եք շախմատի հետ:
-Գիտեք, երբ դեռևս 15-16 տարեկան էի, ինձ մոտ կար մի շրջան, որ չէի կարողանում բարձրացնել անձնական վարկանիշս ու հենց այդ ժամանակ մտածում էի՝ արդյոք պե՞տք է շարունակեմ շախմատով զբաղվել: Բայց, ընդունվելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, փորձեցի ամբողջապես կենտրոնանալ շախմատի վրա:
– Կա՞ մի շախմատիստ, որի պարտիաները Ձեզ համար օրինակ են։
– Ես կնշեմ Մագնուս Կարլսենին: Ինչո՞ւ, որովհետև նա այն շախմատիստն է, որ կարող է խաղալ տարբեր ոճերով, վատ սկզբնախաղ ունենալով` հաղթել պարտիայում: Մագնուսի շախմատը շատ մարդկային է, հատկապես մեր ժամանակներում, երբ համակարգիչները մեծ դեր են խաղում մեր մարզաձևում:
– Այդ պարագայում, ըստ ձեզ ինչո՞ւ Մագնուս Կարլսենը հրաժարվեց չեմպիոնական մրցախաղից և այժմ միայն արագ շախմատով է հետաքրքրված: Միթե հոգնե՞լ էր շախմատից, թե՞ հավասար մրցակցություն չգտավ:
– Իմ կարծիքով՝ Կարլսենը հոգնեց ոչ թե շախմատ խաղալուց, այլ այն փաստը ստիպեց հեռանալ, որ աշխարհի չեմպիոնի համար մրցախաղն այժմ անցկացվում է 2 տարին մեկ անգամ և այդ մրցախաղին պատրաստվելու համար 6 ամիս է պետք: Պատկերացնում եք՝ 2 տարին մեկ անգամ, դու պետք է ամբողջությամբ կտրվես աշխարհից և կենտրոնանաս միայն այդ մրցախաղի վրա:
– Ռոբերտ, շախմատիստը պետք է տաղանդավո՞ր լինի, թե՞ աշխատասեր կամ կա՞ «ոսկե միջին» տարբերակը:
– Դժվարանում եմ ասել, թե որն է առավել կարևոր՝ տաղա՞նդը, թե՞ աշխատասիրությունը: Եթե խոսենք արագ շախմատի մասին, ապա տաղանդ պետք է միանշանակ: Իսկ եթե անդրադառնանք դասական շախմատին, ապա աշխատասիրությունն առաջնահերթ է: Այժմ մեծ դեր ունի պարտիայի սկզբնախաղը:
– Ո՞րն է շախմատի գեղեցկությունը․ այն գեղեցկությունը, որը տեսանելի է նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել մարզաձևին:
– Գիտեք, գուցե, շախմատիստների մեծամասնությունը, Մագնուս Կարլսենի պարտիաներին նայելիս, առաջին հայացքից չի հասկանում նրա քայլերի խորիմաստությունը: Նա համակարգչին առավել մոտ քայլեր է անում, ինչը հասկանում ենք վերջնական վերլուծության արդյունքում: Եվ դրանից ելնելով՝ կարող եմ ասել, որ շախմատի գեղեցկությունը «ապագան տեսնելու» մեջ է, հետաքրքիր մտահղացումների մեջ է:
– Իսկ Ձեզ համար շախմատը խա՞ղ է, արվե՞ստ, թե՞ գիտություն:
– Երբ ես խաղում եմ, ինձ համար շախմատը խաղ է, քանի որ ձգտում եմ հաղթանակի: Երբ ես աշխատում եմ շախմատային պարտիաների վրա, վերլուծություններ կատարում, ապա այդ ժամանակ մի փոքր այլ է, ավելի շատ որպես գիտություն:
– Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ասում էր. «Ինձ համար սիրելի է յուրաքանչյուր ավելորդ խաղաքար»: Որո՞նք են Ձեր սիրելի խաղաքարերը:
– Շատերն ինձ ասում են, որ վերջնախաղում փղերով լավ դիրքեր եմ ստանում: Սակայն ինքս չեմ խորացել այդ փաստի մեջ:
– Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը:
-Գիտեք, ժամանակների տարբերություն կա և համակարգչի առկայությունը փոխում է իրավիճակը: Կդժվարանամ պատասխանել:
– Գիտեք, ես ճանաչում եմ շախմատիստների, որոնք սնահավատ են, կարող են մի մրցաշարի մասնակցել նույն շապիկով, օգտագործել նույն գրիչը: Դուք սնահավա՞տ եք:
– Որոշ բաներ կան, եթե անկեղծ, բայց չի եղել, որ նույն գրիչով կամ նույն շապիկով մի ամբողջ մրցաշարի մասնակցեմ:
– 2011 թվականին, երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող, Դուք ևս թիմի անդամ էիք: 14 տարի անց ինչպե՞ս եք հիշում այդ բացառիկ հաղթանակը:
– 2011 թվականին հավաքականի ունեցած հաջողությունն ավելի շատ հավաքականի մյուս տղաների հաղթանակն էր, և ես շատ քիչ մասն էի կազմում այդ հաղթանակի: Ես ընդամենը մեկ պարտիա խաղացի այդ մրցաշարում: Ինձ համար մեծագույն հաջողություն էր այդ նվաճումը: Սակայն հաղթանակից հետո հասկացա, որ ուզում եմ ինքս ներդրում ունենալ հավաքականի այս կամ այն հաղթանակի մեջ: Եվ ուրախ եմ, որ կարողացա հավաքականին օգնել 2022 թվականին դառնալ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր:
– Դուք կրկին հավաքականում եք և այժմ թիմում սերնդափոխություն է: Ի՞նչ ներուժ ունեն ընտրանու այս կազմի ներկայացուցիչները:
– Իհարկե, ծանոթ եմ հավաքականի բոլոր տղաների հետ: Սերնդափոխությունն, իմ կարծիքով, նորմալ է և բնորոշ է բոլոր մարզաձևերին: Իհարկե, հավաքականը գնալով ուժեղանում է, սակայն պետք է հաշվի առնենք, որ աշխարհի այլ հավաքականներ առավել արագ են ուժեղանում, մենք պետք է փորձենք առավել մեծ տեմպով զարգանալ:
– Եթե հնարավորություն ունենայիք բոլոր ժամանակների որևէ շախմատիստի հետ մեկ պարտիա խաղալու, ո՞ւմ կընտրեիք:
– Կարծում եմ՝ մեկ դասական պարտիան շատ բան չի որոշի, բայց կընտրեմ Բոբի Ֆիշերին:
– Ռոբերտ, փոխելով հարցերի ուղղվածությունը, ո՞ւմ եք զանգահարում լավ լուր ստանալիս:
– Կնոջս:
– Եթե անմարդաբնակ կղզում հայտնվեիք, ի՞նչ կամ ո՞ւմ կվերցնեիք ձեզ հետ:
– Կնոջս և երեխայիս:
– Եթե առանց նախապայմանի Ձեզ առաջարկեին անմահություն, կընտրե՞իք:
– Դժվարությամբ եմ ինձ պատկերացնում 80 տարեկանում անմահ, բայց եթե երիտասարդ մնամ, այո, կհամաձայնեմ:
– Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:



