Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում բախումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքում, որտեղ բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և ապստամբների միջև, զոհերի թիվը գերազանցել է 100-ը, շուրջ 1000 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Agence France Presse-ը՝ վկայակոչելով տեղական հիվանդանոցներից ստացված տվյալները
Ապստամբական «Կոնգո գետի դաշինքը» (ԿԳԴ), որի մեջ մտնում է Ռուանդայի զորքերի կողմից աջակցվող M23 խմբավորումը, ավելի վաղ հայտարարել էր Հյուսիսային Կիվու նահանգի մայրաքաղաք Գոման գրավելու մասին։ Այդուհանդերձ, այս հայտարարությունից հետո քաղաքում ինտենսիվ մարտերը շարունակվել են:
Հունվարի 28-ին հաղորդվել էր 20 զոհի և ավելի քան 400 վիրավորի մասին։Առայժմ պարզ չէ, թե Գոմայի որ հատվածն է գտնվում Կոնգոյի ուժերի վերահսկողության տակ, սակայն AFP-ի թղթակիցները հայտնել են, որ գիշերը Գոմայի փողոցներում երևացել են միայն M23-ի մարտիկները և ռուանդական ուժերը։ Անգոլայի հովանու ներքո միջնորդական ջանքերի ձախողումից հետո M23 ապստամբական շարժումը վերջին շաբաթներին վերսկսել է հարձակումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում:
Հանրապետության իշխանությունները հարևան Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ և կոչ են անում դուրս բերել զորքերը ԿԴՀ-ից։ Ռուանդան հերքում է բոլոր մեղադրանքները։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Ռուանդային կոչ է արել դադարեցնել M23-ին աջակցությունը և հանել իր զորքերը հարևան երկրի տարածքից։Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Չիսեկեդին հունվարի 29-ին հանդիպելու է Ռուանդայի ղեկավար Փոլ Կագամեի հետ։