Հատուկ խոնարհում և գնահատանք Արցախի ՊԲ-ին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ կարելին արեց` դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ:
«Հայոց պետականության անվտանգության գլխավոր երաշխավոր՝ ՀՀ Զինված ուժերը նշում են կազմավորման 33-ամյակը։
ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական ջոկատների ներդրումն է, նաև՝ ողջ հայության Հայոց բանակ ունենալու նվիրական երազանքը։ Այն ամրակուռ և մարտունակ կառույց դարձավ՝ անցնելով 1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին, հաղթահարելով բազում փորձություններ ու մարտահրավերներ՝ հակառակորդին պարտադրելով խաղաղություն ու տևական զինադադար։
Նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Հայոց բանակը, զինված ուժերի, զինվորականի անկոտրում կամքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ երկար տարիներ կարողացավ ապահովվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը։
Ցավոք, օրվա իշխանությունների ազգադավ ու ավերիչ քաղաքականության հետեւանքով ՀՀ Զինված ուժերն ու Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը մենակ մնացին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած 44-օրյա ահնհավասար պատերազմում։
Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Հայոց բանակի կազմում իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի և Հայոց պետականության։
Հատուկ խոնարհում և գնահատանք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ կարելին արեց դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան։
Շնորհավորելով ՀՀ Զինված ուժերին, կրկին վերահաստատում ենք՝
հերոսը Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող հայ զինվորն է, երկրի սահմանները պահող զինվորականը,
ՀՀ Զինված ուժերը կարիք ունեն իրական, արմատական բարեփոխումների, որոնց առանցքում մարտունակության բարձրացումն է, սոցիալական, կենցաղային պայմանների բարելավումը։
ՀՀ Զինված ուժերը քաղաքական իշխանության ինքնահաստատման և ինքնագովազդի հարթակը չեն, այլ երկրի մարտունակությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող կառույց, որին զերծ պետք է պահել դիլետանտիզմից, ցնցումներից ու նսեմացումից։
ՀՀ Զինված ուժերը կենսականորեն կարիք ունեն ոգու, հաղթողի հոգեբանության վերադարձի, որը հնարավոր է ներազգային համերաշխությամբ, ազգային-պետական ուղեգծի հաստատումով։
Մենք պարտավոր ենք համախմբվել ազգային-պետական իդեալների ու շահերի շուրջ՝ մերժելով մեզ պարտադրվող նվաստացածի ու պարտվածի խարանը։
Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և խաղաղ ապագայի երաշխիքը։
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են»: