Ի՞նչ պատասխան կհաջորդի ՀՀ իշխանությունների կողմից Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններին
Մինչ Փաշինյանն իր հայտարարություններով շարունակում է փոթորկել հայաստանյան ներքաղաքական կյանքը, զարմացնելով մինչև անգամ ՀՀ միջազգային գործընկերներին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ շարունակում է իր հայտարարություններով փոթորկել թե ՀՀ ներքաղաքական կյանքը, թե հայաստանյան համացանցը՝ ցնցելով հայ-բելառուսական առանց այն էլ խոցելի հարաբերությունները։
Նախօրեին Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունների ընթացքում տրված մամուլի ասուլիսի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն բնորոշ ոճով մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց ՀՀ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի հասցեին։
Նա պատմեց, թե որքան են ինքն ու Պուտինը զարմացել, երբ Փաշինյանը Ստեփանակերտը, ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջան։
«Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր՝ ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած է։ Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի դրանից»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նաև զգուշացրել է, թե ներկայիս արտաքին քաղաքականությունը շարունակելով՝ Փաշինյանը կարող է կործանել Հայաստանը, ինչը պետք է թույլ չտալ, պետք է թույլ չտալ նաև պատերազմ Կովկասում։ Զուգահեռաբար Լուկաշենկոն գովել է Հայաստանն ու հայ ժողովրդին, իսկ Արցախի կորստի մեղավորությունն ամբողջությամբ կապել է ՀՀ իշխանությունների քաղաքականության հետ։
Նա նաև պատմել է, որ երբ Փաշինյանը դարձել է վարչապետ, ու իրենք հանդիպել են, բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Փաշինյանի հետ՝ վերջինիս անվանելով «սորոսական»։ «Ի՞նչ ես նեղանում ինձնից, ես Ադրբեջանի կողմից չեմ պատերազմել, սպառազինություն է գնել մեզնից, բայց մենք բաց ենք եղել նաև Հայաստանի համար։ Եթե մենք ինչ-որ բան ունենք, գնե՛ք։ Ով վճարել է, նա էլ ապրանք է ստացել։ Ոչինչ չունենք հայ ժողովրդի դեմ»,- ասել է Լուկաշենկոն։
Եվ սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ՝ հունիսին, Հայաստանն ու Բելառուսը ետ կանչեցին իրենց դեսպաններին՝ համապատասխանաբար, Երևանից ու Մինսկից։ Բելառուսի ղեկավարի հետ այս առճակատումը սկսվեց մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած մի շարք հայտարարություններից հետո։
Լուկաշենկոն մասնավորապես Ալիևին ասել էր․ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։
Սրան հաջորդեց Փաշինյանի արձագանքը, որ Բելառուս երբեք չի այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուս չի այցելի նաև, նրա խոսքով, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ»։
«Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը։
Բացի այդ, Հայաստանի և Բելառուսի առաջնորդները վիճաբանեցին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ տարեվերջին։ Վեճը սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարեց, թե հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։
Հայկական կողմը դեռ չի արձագանքել Լուկաշենկոյի վերոնշյալ հայտարարություններին, սակայն ՀՀ-ն նաև չի շնորհավորել Բելառուսի ղեկավարին այդ պաշտոնում նախօրեին վերընտրվելուց հետո։ Սակայն ակտիվ քննարկումներ ու կանխատեսումներ կան այն հարցի շուրջ, թե ինչպես կընթանան զարգացումները, և Փաշինյանը քաղաքական ինչ պատասխան որոշում կկայացնի, արդյո՞ք կխզի Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը գտնում է, որ հարաբերությունների ներկայիս իրավիճակը կպահպանվի։ Ըստ նրա, դա նույնն է, ինչ ՀԱՊԿ-ում ՀՀ կարգավիճակը՝ ՀՀ իշխանությունը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սառեցրել է անդամակցությունը, սակայն չի լքել կառույցը։
«Բելառուսի հետ հարաբերությունների դեպքում ևս դեսպանները ետ են կանչված, միջգերատեսչական ակտիվ երկխոսություն, ակտիվ այցեր չկան, բայց խզում չկա։ Նման զարգացում պատկերացնելը՝ հարաբերություններ խզելը, լինելով ԵԱՏՄ անդամ, բարդ է, քանի որ Հայաստանն ու Բելառուսը միևնույն տնտեսական տարածության մաս են։ Այդ դեպքում ինչպե՞ս կգործի ԵԱՏՄ-ում փոխգործակցությունը, ուստի կարծում եմ, նման միջոցների չեն դիմի»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Լուկիանովը։
Սակայն նա գտնում է, որ նման հայտարարություններն իրենց հետքը, այն էլ՝ բավականին էական, թողնում են։ Բացի այդ, ըստ վերլուծաբանի, Բելառուսի հետ հարաբերություններում արտահայտվում է ՀՀ իշխանությունների ամբողջ բողոքը ՀԱՊԿ-ից, միգուցե նաև Ռուսաստանից։
«Եվ կարծես այստեղ լարվածությունը կուտակվել է։ Բայց այն հանգամանքը, որ ՀՀ-ն չի լքում ԵԱՏՄ-ն, ավելին՝ փորձում է վերականգնել բարձրաստիճան շփումները ՌԴ պաշտոնյաների հետ, թույլ է տալիս ենթադրել, որ այս ամենն այստեղ կանգ կառնի, եթե խոսում ենք քայլերի մասին։ Սակայն հայտարարությունները գուցեև շարունակվեն»,- ասաց նա։