Սա մի գործիք է ներկայիս կառավարության համար, որ ցանկացած պահի անցանկալի մարդկանց գրպանը մտնի․ Հայկ Ֆարմանյան
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։
Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացին պետք է իրականացնի անձի նույնականացում և ձեռք բերի էլեկտրոնային ստորագրություն՝ պաշտոնական պարզաբանման մեջ նշել էր ՊԵԿ-ը, սակայն չէր տեղեկացրել, որ այդ ստորագրության ձեռքբերումը վճարովի է։ Ըստ ԷԿԵՆԳ-ի՝ էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության տարեկան գումարը կազմում է 3000 ՀՀ դրամ:
Օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե համընդհանուր հայտարարագրմամբ ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ են իրականացնում։
«Ասում է՝ ինչու է պետությունն ուզում իմ գրպանը մտնի, պետությունը չի մտնում իր գրպանը, ինքն իր մի ձեռքով աջ գրպանն է ստուգում, մյուս ձեռքով՝ ձախ: Այդ պետությունը հենց այդ մարդն է, և այդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, պետությունը գնում, փարվում է այդ մարդուն, ասում է՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի, դու իմ տերն ես»,- պարզաբանել էր նա։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը պնդում է՝ այս կառավարությունն է մտնում քաղաքացու գրպանը, ավելին՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն էլ մահակ է անցանկալի անձանց գլխին։
«Օրենսդրական յուրաքանչյուր նախաձեռնություն, փոփոխություն պետք է ունենա կոնկրետ նպատակ։ Հիմա հարց՝ ո՞րն է այս համակարգի ներդրման նպատակը․ արդեն իսկ գոյություն ունի հարկային օրենսդրություն, կան հարկային մարմիններ, և եթե մարդիկ ունեն տնտեսական օգուտ, ունեն շահույթ, իրենք դրա դիմաց վճարում են հարկեր։ Մարդը ստանում է եկամուտ, դրա դիմաց վճարում է եկամտային հարկ, կազմակերպությունն ունի շահույթ, վճարում է շահութահարկ։ Տարբեր հարկատեսակներ կան, գոյություն ունի հարկային օրենսդրություն, որի հետ կարծեք որևէ խնդիր դեռևս չի առաջացել։
Իսկ այս ինստիտուտի նպատակը պարզ չէ․ համատարած ներդրումն էլ նույնիսկ արդյունավետ չէ, ինչպե՞ս են կարողանալու միլիոնավոր մարդկանց դեպքում ստուգել՝ ով ինչ հարկ թաքցրեց, և այլն։ Ու ինչ-որ աննպատակություն է դառնում, որի տակ ես ռիսկեր եմ տեսնում։ Հնարավոր չէ բոլորի հետից գնալ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը։
Հայկ Ֆարմանյանն այս համակարգին հակադրեց Վրաստանում նախորդ տարվանից գործող «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որի համաձայն՝ դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։
«Եթե նմանատիպ բան ընդունեին, կհասկանայի՝ լավ նպատակ է․ փորձում են բացահայտել դրսի աղբյուրներից ստացված եկամուտները։ Բայց այս պարագայում մարդկանց դնել անհարմար վիճակի մեջ, որ մարդիկ ստիպված 10.000 դրամ գումար վճարեն ինչ-ինչ հաշվապահական գրասենյակների՝ հայտարարագիր ներկայացնելու համար․ չէ՞ որ ոչ բոլորն են կարողանալու ինքնուրույն լրացնել։ Ու անգամ լրացնելիս էլ, եթե որևէ տեղեկության հարցում վրիպեն, սխալ լրացնեն, հետագայում կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության, հաջորդիվ՝ հնարավոր է հարուցվեն քրեական գործեր։
Իսկ այս անվտանգային անբարենպաստ միջավայրում, երբ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, ներդնել նման համակարգ, համարում եմ ժամանակավրեպ և մեր երկրի իրականությանը չհամապատասխանող»,- նկատեց նա։
Այս փոփոխության նպատակների մասին պատկերացումների հետ կապված՝ մասնագետը հիշեցրեց նաև Հայաստանում գործող մեկ այլ հարկային փոփոխության մասին։
«Այն ժամանակ էլ, երբ կադաստրային արժեքը փոխարինվեց շուկայական արժեքին մոտարկված արժեքով, գույքահարկի հարկման նպատակով, ասում էին՝ դա ֆիսկալ նպատակ չի հետապնդում։ Բանից պարզվեց՝ լավ էլ ֆիսկալ նպատակ էր հետապնդում․ տեսնում ենք, թե այսօր գույքահարկը քանի անգամ է կրկնապատկվել, քաղաքացիներ կան, որոնք վճարել են 200.000 դրամ, այսօր վճարում են 1 միլիոն։ Հիմա նույն բանն է․ ասում են՝ սա բացարձակապես հարկման նպատակ չունի, բայց ես այդ կարծիքին չեմ․ երբ նայում ենք, թե որոնք են համարվում հարկվող եկամուտներ ու որոնք՝ ոչ, դրա տակ մանևրի հնարավորություններ են թողնվել։
Սա մի գործիք է, լծակ ներկայիս կառավարության համար, որ ցանկացած պահի անցանկալի մարդկանց գրպանը մտնեն, բացեն նայեն բանկային հաշիվները, ստուգեն, թե հայտարարագրում ինչ է գրված, համեմատեն,- պարզաբանեց տնտեսագետը և ամփոփելով հավելեց,- Այժմ փոփոխություն են ուզում անել, որ հարկային մարմինն իրավունք ունենա ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին հասանելիություն ունենալ»։