Բաժիններ՝

«Ռուստամ և Զոհրաբ» օպերայի առաջնախաղ, դասընթացներ` Իտալիայում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2024-ին հանդիսատեսին ներկայացել է վեց լայնածավալ ներկայացմամբ. բեմադրվել են և՛ բալետային ներկայացումներ, և՛ օպերաներ, և՛ մյուզիքլ։ Թատերախումբը հյուրախաղերով եղել է արտերկրում, հանդես է եկել լեփ-լեցուն դահլիճներում և ոգևորված, նոր լիցքերով վերադարձել է հայրենիք ավելի մեծ բարձունքներ նվաճելու վճռականությամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանը հիշեցնում է՝ նախորդ տարի բեմադրվել է Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերան, Շառլ Ազնավուրի «Լոտրեկ» մյուզիքլը, Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան, Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը և Ջուզեպե Վերդիի «Օթելլո»-ն։

Ահարոնյանի խոսքով՝  վերոնշյալ ներկայացումները մեծամասշտաբ են։ Թատրոնին հաջողվել է ներկայացնել ոչ միայն հարուստ բովանդակությամբ, այլև շքեղ դեկորներով, լուսային ու ձայնային էֆեկտներով բեմադրություններ։ Ահարոնյանն ընդգծում է՝ «Արշակ Երկրորդ»-ը երբեք չի բեմադրվել Չուխաճյանի կենդանության օրոք, և առաջին անգամ բնօրինակով՝ իտալերեն լեզվով և ամբողջությամբ նախորդ տարի է ներկայացվել Երևանում:

«Լոտրեկ»-ի բեմադրությունը նվիրված էր Ազնավուրի 100-ամյակին։ Ազնավուրյան յուրահատուկ երաժշտությամբ, բեմադրական գեղեցիկ լուծումներով, վառ դերասանական խաղով, գունագեղ ու պայծառ զգեստներով մյուզիքլը պատմում է 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի Տուլուզ Լոտրեկի մասին, նկարչի, որն ապրել է հարուստ, հետաքրքիր, բայցև տխուր և դրամատիկ կյանքով:

«Բոհեմ»-ն աշխարհում ամենահաճախ բեմադրվող ստեղծագործություններից է: Առաջին անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է 1936 թվականին: Տևական դադարից հետո այն նոր շնչով վերադարձել է երևանյան բեմ: «Բոհեմ»-ի ռեժիսորն Օրլին Անաստասովն է: Նա ցանկացել է գեղեցիկ ներկայացում ստանալ, որը հեքիաթ կհիշեցնի:

Փոքր հակադրություններ է ստեղծել՝ կապված սցենոգրաֆիայի և կոստյումների հետ: Կոստյումները շքեղ են, տպավորիչ։

Ահարոնյանն «Անտունի» բալետի վերադարձը թատրոն յուրահատուկ է համարում, քանի որ բալետը, որի հիմքում Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմն է, արվեստասերներին ներկայացվել է Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։

1969-ին բալետը բեմադրել են կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը, բեմանկարիչը եղել է Մինաս Ավետիսյանը, զգեստների նկարիչը՝ Ռոբերտ Էլիբեկյանը։ Կոմիտասի հոբելյանին բալետը վերականգնել են նրանց ժառանգները՝ Մաքսիմ Մարտիրոսյանի դուստրը, Էդգար Հովհաննիսյանի դուստրը, Մինաս Ավետիսյանի որդին, որոնց շնորհիվ հիսուն տարվա դադարից հետո այն երկրորդ կյանք է ստացել։Վերդիի «Օթելլո»-ն  թատրոնի ամենամասշտաբային ներկայացումն է վերջին երեսուն տարում։ Բեմադրությունն Իտալիայի առաջատար թատրոններում է ներկայացվել, և Երևանի օպերան կարողացել է ձեռք բերել այն ամբողջ ծավալով։ Գնվել է նախագիծ, որը ներառում է թե՛ լուսային, թե՛ ձայնային լուծումներ, ահռելի բեմական դեկորներ։ Ներկայացման երեք առաջնախաղին էլ դահլիճը լեփ-լեցուն է եղել։

Ե՛վ «Օթելլո»-ն, և՛ մյուս ներկայացումները խաղացանկային են։

«Մենք մեծ հետաքրքրություն ենք տեսնում բոլոր ներկայացումների նկատմամբ. փետրվարի տոմսերի վաճառքն է դա ցույց տալիս»,-ընդգծում է Ռոնա Ահարոնյանն ու հավելում՝ քանի որ «Անտունի»-ն ոչ դասական, բարդ սիմֆոնիկ, ոչ մատչելի ստեղծագործություն է, այն ընդմիջումներով են խաղում։ Կոմիտասի հիշատակին նվիրված բալետը կխաղան ապրիլի 24-ին ընդառաջ։ Կարևոր են հյուրախաղերը։

«Մեր թատրոնի «Մարդուկ-Ջարդուկը» խաղացել են Իտալիայում՝ Վիչենցայի,  Ջենովայի, Պարմայի թատրոններում։ Հատկանշական է, որ մեր թատերախումբը ելույթ ունեցավ ոչ թե գաղութային փոքր համերգասրահներում, այլ հեղինակավոր թատրոններում և բանիմաց թատերասերի առաջ։ Սպառվել էին բոլոր ութ ներկայացումների տոմսերը, ինչը ցույց էր տալիս մեր պրոֆեսիոնալիզմն ու այն ներկայացվածությունը, որ հայ արտիստները կարողացան ապահովել եվրոպական թատրոններում»,-շեշտում է Ահարոնյանը։

2024-ի կարևորագույն իրադարձություններից էր Սպենդիարյանի անվան թատրոնի և Միլանի Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։

«Համագործակցության շրջանակում օպերային թատրոնի մի խումբ մասնագետներ, ոչ միայն բեմադրիչներ, արտիստներ, այլև տեխնիկական անձնակազմի աշխատակիցներ,  վերապատրաստումներ կանցնեն Լա Սկալա ակադեմիայում։ Երկու կամ երեք տարի են տևելու դասընթացները, ինչից հետո իրենց հմտություններն ավելի կատարելագործած մասնագետներն այդ ամենը կփոխանցեն մեր թատրոնին։ Առաջիկայում սպասում ենք Իտալիայից գործընկերների։ Խիստ պահանջներ են դրված։ Առաջին փուլով, հավանաբար, դասընթացների կմեկնի երեսուն աշխատակից՝ բեմական գրիմ, ձայնային ռեժիսուրա, բեմական լուսավորություն, բեմի մեքենավար և այլք։ Դեռ արտիստներ, երաժիշտներ չեն գնա»,-հայտնում է Ռոնա Ահարոնյանը։

2025-ին նաև մեծ առաջնախաղեր են սպասվում, սակայն Ահարոնյանը նախընտրում է խոսել առաջիկա երկու ներկայացումից։ Մարտին բեմ է բարձրանալու կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի «Ռուստամ և Զոհրաբ» օպերան։ «Ճգնավորյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, մեծ ավանդ ունի օպերային արվեստի զարգացման գործում։ Թատրոնում որոշվեց պարտադիր բեմադրել կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Այն ևս մասշտաբային է։ Այժմ աշխատում ենք իրանցի ռեժիսորի և այլ մասնագետների հետ։

Այդ ստեղծագործության վրա Ճգնավորյանն աշխատել է ավելի քան 15 տարի և այն վերջերս է ավարտուն տեսքի բերել։ Ներկայացումը  հարգանքի տուրք է Ճգնավորյանին ու նրա տաղանդին»,-նշում է թատրոնի տնօրենի խորհրդականը։

Օպերային թատրոնի մեծ նպատակն է հենց շենքի ներսում ստեղծել մանկական օպերային թատրոն, որը կունենա առանձին կահավորված դահլիճ։ Դա դեռ գաղափար է, որը նպատակի է վերածվում։

Ահարոնյանի հավաստիացմամբ՝ մանկական թատրոնը ռազմավարական երկու խնդիր կլուծի՝ կապահովի երեխաների ժամանցը և՝ թատրոնի ապագան, քանի որ շատ հնարավոր է, որ փոքրիկ հանդիսատեսի շարքերում նաև ապագա արտիստներ լինեն։ «Վերջին տարիներին թատրոնը մեծ աշխատանք է տանում հենց մանկական ներկայացումների ստեղծման ուղղությամբ։ Մենք արդեն ունենք մանկական «ՄուկՕպերա»-ն և «Չիպոլինո» բալետը, իսկ առաջիկայում նախատեսում ենք փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնել «Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործության հիման վրա բեմադրվող բալետը»,-եզրափակում է Ռոնա Ահարոնյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս