«Միակ տուժողը սպառողն է, եթե հանրային տրանսպորտի ուղեվարձի գինը բարձրանա՝ բողոքի մեծ ալիք է լինելու». Կարեն Չիլինգարյան
Կառավարության նախավերջին նիստի ժամանակ հավանության արժանացավ գործադիրի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում՝ կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Մասնավորապես՝ առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին՝ 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ ակցիզային հարկի բարձրացումն առաջին հերթին հարվածելու է սպառողների գրպանին, քանի որ ցանկացած տնտեսվարող պետք է հետապնդի իր շահույթը, այսինքն՝ եթե ակցիզային հարկի միջոցով հարկ պետք է վճարի, ապա իր ծառայությունները, ապրանքը պետք է թանկացնի։
«Այս ամենի միակ տուժողը սպառողն է, եթե դիզվառելիքի թանկացման հետևանքով թանկանա նաև հանրային տրանսպորտի ուղեվարձը, ապա սա որևէ կերպ արդարացված չի լինելու։ Բացի տրանսպորտից, կա գյուղատնտեսություն, գյուղատնտեսական տեխնիկան աշխատում է դիզվառելիքով, սա նշանակում է, որ գյուղատնտեսական ապրանքները ևս թանկանալու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը։
Ըստ նրա, եթե Կառավարությունը չի ցանկանում, որ այս ամբողջ թանկացումների բեռը մնա սպառողների վրա, ուրեմն՝ պետք է գյուղատնտեսության համար որոշակի սուբսիդիա անի, գյուղտեխնիկայի հետ կապված որոշակի զեղչեր կիրառի։
«Ես հույս ունեմ, որ գոնե հանրային տրանսպորտի ուղեվարձի արժեքը չի բարձրանա, որովհետև հիշում եք, որ 2 տարի առաջ հայտարարեցին, թե տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 300 դրամ, այդ թվերն ուղղակի հնարեցին՝ հաշվի չառնելով, թե ինչ եկամուտ է բերելու։ Բայց հասկանալով, որ այդ 300 դրամը մեծ բողոք է առաջացնելու հանրության շրջանում, միանգամից իջեցրեցին 150 դրամ։ Մինչդեռ հենց սկզբից էլ պետք է հայտարարեին 150 դրամի մասին, բայց նույնիսկ ուղեվարձը բարձրացնելով՝ հանրային տրանսպորտի խնդիրը չլուծվեց։ Այնպես պետք է անեն, որ մեր սպառողը չտուժի, գոնե Վրաստանի օրինակով առաջնորդվեին, այլ ոչ թե նոր հեծանիվ մոգոնեին։ Կիսատ-պռատ գործ արեցին, ու եթե այսքանից հետո տրանսպորտի ուղեվարձերը բարձրացնեն՝ արդեն անհեթեթություն կլինի, կարծում եմ՝ այս դեպքում մեծ բողոքի ալիք կբարձրանա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, եթե գյուղատնտեսական ապրանքները 10-20 դրամով թանկանա, կհասկանա, բայց եթե դիզվառելիքը թանկանա, ապա գյուղատնտեսական ապրանքների արժեքն ավելի կբարձրանա։
«Կառավարությունը պետք է այս հարցերով զբաղվի, որպեսզի գյուղմթերքի գնաճը զսպի»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։

