«Որ սուրճը չեն լցնում Փաշինյանի բերանը, ինքնուրույն է խմում, ուրեմն՝ դիկտատոր չէ՞». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ուժով են պահում իշխանությունը:
«Մեր ամբողջ պրոբլեմը, դժբախտությունն այն է, որ իր ֆունկցիաները չկատարող իշխանության ներկայացուցիչները շարունակում են մնալ իշխանության ղեկին: Ընդ որում, մնում են ապօրինաբար: Սահմանադրությունն ասում է՝ կառավարությունը՝ որպես սահմանադրական մարմին, այն մարմինն է, որն իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ իր գործունեության ծրագրի վրա հիմնված: Կառավարության ծրագիրը բարի ցանկությունների ամբողջություն չէ: Եթե այդ ծրագիրը հաստատվել է, պետք է անպայմանորեն կատարվի: Եթե այդ կառավարությունն ի վիճակի չէ իր նախանշած ծրագիրն իրագործել, ապա պետք է հեռացվի և իշխանության բերվի այն կառավարությունը, որն իր ծրագիրն ի վիճակի է իրագործել: Հակառակ դեպքում, հարց է առաջանում՝ էլ ընտրություններն ո՞ւմ են պետք: Խախտվել է մեր երկրի սահմանադրական ամբողջ կարգը: Դրա համար պատգամավորները պարտավոր են անվստահություն հայտնել այդ կառավարությանը: Եթե դա չեք անում, նշանակում է՝ ուժով իշխանություն եք պահում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ եթե որևէ մեկը ասի՝ ես պետք է ուժով իշխանություն զավթեմ, կասեն՝ դա ապօրինություն է, սահմանադրական կարգի տապալում է, կձերբակալեն:
«Բա, հիմա այդ նույն բանը սրանք են անում: Իրենց պաշտոնական լիազորությունները որպես ուժ դիտարկելով, իրենց մաֆիոզ խմբավորումը որպես ուժ դիտարկելով՝ ուժ են կիրառում մեր պետության, մեր ժողովրդի դեմ»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ինքը ձվածեղ է պատրաստում և հեծանիվ է քշում, ապա էլ ի՞նչ ավտորիտարիզմ, նա այսպես արձագանքեց.
«Նույն ձևով կարող է ասել՝ թեյը բերում են, ես եմ շաքարավազը լցնում, խառնում, էլ ի՞նչ դիկտատոր: Կամ, ասենք, ինքն է վերցնում խմում, ոչ թե ինքը նստում է, երկու հոգի գալիս են, սուրճը լցնում են իր բերանը, եթե ինքն է բարեհաճում խմել, էլ ի՞նչ դիկտատոր: Ի՞նչ անենք, որ ինքը WhatsApp-ով հաղորդագրություն է գրում ԲԴԽ նախագահին, որ նա թռնի դուրս: Ընդ որում, ես խորը կասկած ունեմ, որ դա ինքը չի գրում: Նա որ երեկոները գալիս է տուն, երևի խմում-քնում է, կինը հեռախոսը կարող է վերցնել և միանգամից այդ հաղորդագրությունները գրի, առավոտը գնա՝ տեսնի՝ դիմումները գրել, բերել են»:
Հարցին՝ այսինքն՝ Փաշինյանի կի՞նն է որոշումներ կայացնում, նա պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ շատ քիչ մարդ կա, որ այն կարծիքին չէ, որ նա առանցքային դերակատար է և փաստացի մեր պետությունն ինքն է ղեկավարում և շատ մեծ ազդեցություն ունի ամուսնու վրա ու կարող է նրա հեռախոսը վերցնել կամ հենց ասել՝ տուր էդ հեռախոսդ, դու գնա վեր ընկիր այնտեղ, և հեռախոսը վերցնելով՝ այդ գրառումներն անի: Դիկտատուրան դա չի, որ ինքը միանձնյա որոշումներ է կայացնում՝ ընտրություններ լինեն, թե ոչ, որ ասենք՝ Գյումրիի ընտրված համայնքի ավագանին դադարեցնի իր գործունեությունը, չէ, դա դիկտատուրա չէ, չէ՞ որ ինքը հեծանիվ է քշում: Սրանց պրիմիտիվ մտածողությունը, էլի: Այսինքն, եթե ինքը այցելում է դպրոցների զուգարան… Շատ քիչ դպրոց կա, որի զուգարան ինքը չի գնացել, համենայնդեպս, նորակառույց դպրոցների զուգարաններում եղել է առանց բացառության ու չգիտես ինչու՝ ամեն տեղ Ժաննա Անդրեասյանի հետ»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ կրթվելու վերաբերյալ դիտարկումների, Էդգար Ղազարյանը նկատեց՝ կրթություն ստացող էին՝ թող ժամանակին ստանային.
«Այդ ընտանիքում ոչ ոք նորմալ կրթություն չունի: Նիկոլ Փաշինյանն՝ իր պրոբլեմային վիճակներով, Աննա Հակոբյանը գրել է, որ ավարտել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետը, բայց ԵՊՀ-ն նման ֆակուլտետ չունի, դա կոչվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Այսինքն՝ հնարավոր չէ՝ մի տեղ սովորես և քո սովորած ֆակուլտետի անունը չիմանաս: Իրենք սրանով փորձում են իբր սովորական մարդու կերպար ստեղծել, այնինչ՝ թալանչիների կազմակերպված խումբ է, որ կեղեքում են այս ժողովրդին: Պահպանման ծախսերը հանել ենք՝ 1 միլիոն 560 հազար դրամ, որ օրական ծախսում է, լեգե՞նդ է: Որ 2 միլիոն դոլար միայն իրենց ամառանոցի վերանորոգման վրա ծախսվել է, լեգե՞նդ է: Որ միայն 2 մլն դոլար Նիկոլ Փաշինյանին սպասարկող զրահապատ մեքենաների գինն է, լեգե՞նդ է: Որ 35 մեքենայի կորտեժով ման է գալիս, 2000 ոստիկանի ուղեկցությամբ, բոլոր ճանապարհները, փողոցները փակելով, լեգե՞նդ է: Ասում է՝ յուղերի մոտով անցնում եմ, պզզացնում են վրաս, այ դա սուտն է, բայց իրականությունը հո տեսնո՞ւմ ենք՝ քանի մարդու ուղեկցությամբ է տեղաշարժվում»:
Նա ընդգծեց՝ անձնական հարաբերություններում մի մարդ մյուսի հանդեպ մի սխալ է թույլ տալիս, ներողություն է խնդրում, փոխհատուցում է տալիս.
«Բա, էսքան վնաս պատճառես դու պետությանը՝ միլիարդավոր դոլարների, դա արժենա մարդկային կյանքեր, տարածքային կորուստներ, պետության նվաստացում, ու դեռ ասես՝ ես ձվածեղ եմ սարքում, ուտում, թողեք՝ ուտեմ… Չենք թողնելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում