Կա պատերազմի սպառնալիք. Հայաստանը մնացել է մենակ և չունի դաշնակիցներ. Կարեն Իգիթյան

Հունվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածեց մամուլի հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել են պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքներն այս անգամ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Այս հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունը հիմա էլ համաձայնել է սահմանագծում և սահմանազատում անցկացնել Տավուշով դեպի Բագրատաշեն տանող հատվածում՝ որտեղով անցնում է հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը:

Սահմանագծվելու և սահմանազատվելու է նաև Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հաղորդագրությամբ ազդարարվող գործընթացին, նշեց՝ սա հետևանք է Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանը 86.600 քառակուսի կմ-ով ճանաչելու, ինչից էլ օգտվելով՝ Ադրբեջանը Հայաստանից առանց պատերազմի նախ կստանա այն, ինչ հնարավոր է, ապա կանցնի ռազմական գործողությունների։

Կարդացեք նաև

«Իր այս քաղաքականությամբ ՀՀ իշխանությունը սադրում է, որ Հայաստանի թշնամին ավելի ակտիվանա։ Ի դեպ, ուզում եմ ուշադրություն հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Ալիևը երբ Հայաստանն անվանեց ֆաշիստական պետություն, Ռուսաստանից և ԱՄՆ-ից արձագանք չստացավ։ Հայաստանի ավանդական դաշնակիցը, որը կամաց-կամաց դառնում է ոչ բարեկամ, չպատասխանեց, ինչը հասկանալի է, որովհետև երբ դու քո դաշնակցին համարում ես թշնամի, պարզ է, որ պետք չէ սպասել որևէ արձագանք»,-ասաց Կարեն Իգիթյանը։

Նրա փոխանցմամբ՝Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը բերել է նրան, որ մեր պետությունը հայտնվել է անվտանգության դեֆիցիտ ունեցող երկրի կարգավիճակում։

«Հայաստանը չունի դաշնակից, արտաքին քաղաքականությունը տապալված է, ռեալ մենակ է մնացել, և խնդիրը ՀՀ այս իշխանության մեջ է»,-ասաց Իգիթյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով՝ Ադրբեջանն այս ամենին զուգահեռ՝ ստեղծում է հիմքեր, դրանք լեգիտիմացնում՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների անցնելու համար։

«Կա պատերազմի սպառնալիք. տարածաշրջանը լարված վիճակում է. մեծ պատերազմի առաջ է Իրանը, որտեղ անցկացվում են զորավարժություններ . այս պայմաններում առնվազն անհասկանալի են ՀՀ իշխանությունների կողմից հնչեցվող թեզերը, թե ամեն ինչ կարգին է»,-խոսքը եզրափակեց տարածաշրջանային հարցերով փորձագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս