Բաքվում հունվարի 17-ից սկսած՝ դատական շոու է լինելու. ՀՀ օրվա իշխանությունները ոչինչ չեն անում. Աշոտ Դանիելյան

Հունվարի 17-ին Ադրբեջանում կմեկնարկի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։ Այս մասին տարվա սկզբին հայտարարել էր դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևին՝ ընդգծելով, որ գործով մեղադրյալները 15-ն են։

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էլ հայտնել էր, որ հունվարի 17-ին տեղի է ունենալու «Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական դատավարությունը։ Այդ օրը որոշվելու է՝ դատաքննությունը բա՞ց, թե՞ փակ ձևաչափով է տեղի ունենալու»։

Ի՞նչ է պետք անել՝ միջազգային ատյանների ուշադրությունը հրավիրելու Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող հայերի նկատմամբ սկսվող դատական գործընթացի վրա։

Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Աշոտ Դանիելյանը 168.amի հետ զրույցում նշեց, որ Արցախի իշխանությունները, ՀՅԴ-ն ու մտահոգ քաղաքացիներն ավելի վաղ հավաքներ, բողոքի ակցիաներ են անցկացրել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս հայ գերիների համար։ Ակցիաներն անցկացվել են Երևանում ՄԱԿ գրասենյակի, ԱԳ նախարարության և Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի՝ Հայաստանում գտնվող դեսպանատների առջև։

Կարդացեք նաև

«Մենք մեր մտահոգություններն ու ուղերձն ենք հղել, ներկայացնելով համապատասխան տեքստերը, որ Ադրբեջանի կողմից  բոլոր գործողությունները կատարվում են ապօրինի, հետևաբար՝ պետք է անհապաղ ջանքեր գործադրեն՝ պատանդներին, գերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Այդ կոչերը, բողոքները մինչև այս պահը մնացել են անարձագանք։ Դրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունների կողմից պետք է կատարվեն քայլեր, գործողություններ, որոնք մենք չենք տեսնում՝ զրո գործողություններ, այսպես կարելի է բնութագրել։

Ադրբեջանի իշխանությունների ձեռամբ՝ այն, ինչ տեղի կունենա Բաքվում հունվարի 17-ից սկսած՝ լինելու է դատական շոու, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում պահվում է  ապօրինաբար»,- նշեց Աշոտ Դանիելյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները, երբ այցելում էին տարածաշրջան, այցելում էին նաև Արցախի Հանրապետություն, հանդիպում Արցախի նախագահի, արտգործնախարարի ու այլ պաշտոնյաների հետ։ Նրանք ընդունում էին արցախահայերի ինքնորոշման իրավունքը, ընթանում էին բանակցություններ։

«Այս ամենից հետո, ինչպես Ադրբեջանն է բնութագրում՝ «սեպարատիզմ» և այլն, դա ապօրինի է։ Առաջին հերթին պետք է Հայաստանի իշխանությունները ջանքեր գործադրեն՝ մեր բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, կարող է շատ բաներ անել, սակայն, ինչպես տեսնում ենք՝ օրվա իշխանությունները ոչինչ չեն անում՝ մատը մատին չեն տալիս»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է արցախահայերի՝ Արցախ վերադառնալու և Արցախի հարցին, Աշոտ Դանիելյանն ասաց՝ ՀՀ իշխանությունները երբեք այդ խնդիրներին չեն անդրադառնա ու չեն բարձրաձայնի, նրանք միայն Ադրբեջանի պահանջները կատարողներ են՝ ի վնաս հայկական ու հայ ազգի ընդհանուր շահերի։

«Խոսում են Մինսկի խումբը լուծարելու մասին, որը ստեղծվել էր հենց արցախյան հակամարտությունը կարգավորելու համար։ Այսօր ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը պարտվողական է, զիջում են ամեն ինչ, որպեսզի մեկ օր ավելի մնան իշխանության։ Սա է իրականությունը, և հասարակությունը պետք է հասկանա, որ այն, ինչ անում է օրվա իշխանությունը՝ միայն սեփական աթոռը պահելու համար է, այստեղ հայկական շահ չկա։ Եթե դու իշխանություն ես, պետք է պահես քո երկրի շահը, իսկ եթե չես կարող, ուրեմն՝ պետք է հեռանաս»,- եզրափակեց Աշոտ Դանիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս