Բաժիններ՝

Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը. Panorama.am

«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր X-ը, նախկինում Թվիթերը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց մի շարք փոփոխությունների մասին՝ մասնավորապես նշելով. «Ժամանակն է վերադառնալ ազատ արտահայտվելու մեր արմատներին: Մենք փաստերի ստուգումը փոխարինում ենք, պարզեցնում ենք մեր քաղաքականությունը և կենտրոնանում սխալների նվազեցման վրա»։

Պապյանն ընդգծեց, Meta-ի հիմնադիրն իր խոսքում նշել է, որ փոփոխություններն արվում են՝ նմանվելու X-ին։

«Դա պատահական չէ, քանի որ Իլոն Մասկը հիմա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմն է դարձել, նրան խորհրդատվություն է տրամադրում, հարցեր է լուծում։ Բնական է, որ մրցակիցները՝ Ֆեյսբուքը, Ինսթագրամը պետք է նմանվեն X-ին։ Բացի այդ, ընտրությունների ժամանակ Թրամփը սոցցանցերին մեղադրում էր գրաքննության, Հանրապետականին ու իրեն արգելափակելու համար։ Այո, այս փոփոխություններն առաջին հերթին ԱՄՆ-ում ներքաղաքական վերադասավորումների արդյունք են»,-ասաց Պապյանը։

Իսկ ի՞նչ է կատարվում X-ում այսօր։ Այնտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը, ծայրահեղականությունը, ազգային խտրականությունը, այսինքն բաներ, որոնք ֆեյսբուքը շատ արագ արգելափակում է։

«Սա ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Մի իրավիճակ պատկերացրեք։ Ադրբեջանցիների քանակը ֆեյսբուքում զգալիորեն մեծ է։ Ամեն հայի գրառման տակ կարող են գալ ասել՝ պետք է ձեզ վառել, սպանել… Եթե նախկինում կարելի էր նման կոչերի համար արգելափակումներ պահանջել, այս փոփոխությունները կարող են բերել նրան, որ ոչինչ անել չկարողանանք։ Մյուս կողմից ֆեյսբուքն իսկապես անօգտագործելի է դարձել, մարդիկ սկսել են այս հարթակից հեռանալ, աջ ու ձախ արգելափակում է։ Ցուկերբերգն ինքն էլ է ընդունում, որ որոշ դեպքերում իր հարթակը դարձել է անօգտագործելի։ Փոփոխությունների արդյունքում տեղի-անտեղի արգելափակումները կնվազեն, մի փոքր բարեփոխում կտեսնենք»,-նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը՝ հիշեցնելով, որ դրանք նախ կիրառվելու են ԱՄՆ-ում։

Պապյանի խոսքով, Ֆեյսբուքի եկամտի աղբյուրը գովազդատուներն են, նրանք X-ից շատ դժգոհ են, քանի որ խոշոր ընկերությունները չեն ցանկանում՝ իրենց գովազդը հայտնվի ծայրահեղական հայտարարությունների, բռնության կոչ պարունակող գրառումների կողքին։

«Գուցե ԱՄՆ-ում ընկերությունները ճնշում գործադրեն, ու Մարկը տեսնի, որ եկամտից է զրկվում, փորձի էլի ինչ-որ բաներ հայտարարել կամ փոփոխել։ Դրանից հետո միայն դրանք կկիրառվեն աշխարհում»,-ասաց Պապյանը։

Փորձագետի խոսքով, փոփոխություններն իրենց ազդեցությունը կունենան նաև ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերի վրա։ Վերջին շրջանում Ֆեյսբուքը հաճախ է ԶԼՄ-ների սոցէջերից հեռացնում հրապարակումներ ամենատարբեր ու անհեթեթ պատճառաբանություններով։

«Ցուկերբերգն էլ նշեց, որ ֆիլտրերը շատ են, դրանք նվազեցվելու են։ Ֆեյսբուքը տարիներ շարունակ նվազեցնում էր լրատվական կենտենտի տարածումը։ Բայց այդ հայտարարության մեջ ասաց, հարցում են արել, քաղաքացիները նշել են, որ ցանկանում են ավելի շատ քաղաքացիական կոնտենտ տեսենել։ Հավանաբար, թույլ է տրվելու լրատվական կոնտենտը լավ տարածվի, տեղի ու անտեղի արգելափակումները քչանան»,-ասաց Պապյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս