Դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը։
ԲԴԽ անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը դեմ են քվեարկել տույժի տեսակին՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցմանը։
Հիշեցնենք, որ դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի, ղեկավար Նաիրի Գալստյանի հաղորդման հիման վրա։ Ըստ ՀՀ ԱՆ միջնորդության՝ 41 քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո՝ դրանք կողմերին ուղարկվել են՝ հրապարակմամբ նշված ժամկետից՝ 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս անց։ Ըստ ԱՆ-ի՝ դատական ակտերը կողմերին տրամադրվել են ընդամենը մեկ օրում՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումից հետո և, եթե դատական դեպարտամենտը չհայտնաբերեր խախտումը, ապա չի բացառվում, որ դատական ակտերը դեռ տևական ժամանակ չտրամադրեին կողմերին, ըստ ԱՆ-ի՝ տվյալ ժամանակահատվածում դատավորը չի եղել ամենածանրաբեռնված դատավորներից մեկը։ Ինչ վերաբերում է մեղքի ձևին, ապա ըստ ԱՆ-ի՝ դատավորը թույլ է տվել «կոպիտ անփութություն»։