Թող վիճակագրություն բացեն, նայեն՝ ո՞ր երկրների հետ ենք առևտուր անում, արտադրանքն ո՞ւր է արտահանվում, և, վերջին հաշվով, գազն այդ էժան գնով ո՞վ է մատակարարում․ Հայկ Ֆարմանյան

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անհամատեղելի է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանն ու միաժամանակ՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։
Օրերս արված հայտարարությամբ Օվերչուկը նկատել է՝ ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանում էներգակիրների գները կբարձրանան, իսկ արտահանումը կնվազի։

«ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Անհնար է պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ կետում կարող են համատեղվել։ Այդ պատճառով էլ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը դիտարկում են Հայաստանում, այս երկրին կանգնեցնում է ընտրության առջև»,- մասնավորապես նշել է ՌԴ պաշտոնյան՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատելով «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ։

ՌԴ փոխվարչապետի հայտարարությունները չեն զարմացրել տնտեսագետ Հայկ Ֆարմանյանին։ Նա նույնիսկ ուշացած է համարում այս հայտարարությունը՝ 168․am-ի հետ զրույցում նկատելով․ «Մարդիկ բնական հարց են տալիս, ասում են՝ այդ երկու կառույցներն անհամատեղելի են․ ընտրությունն արդեն մեր կառավարությանն է»։

Տնտեսագետը նույնիսկ համեմատելի չի համարում երկու կառույցների դերակատարումը մեր պետության համար՝ հիշեցնելով․ «Պետք է ընտրություն կատարես տնտեսական միությունների միջև՝ կա՛մ ԵՏՄ, կա՛մ եվրոասոցացում։
Այն ժամանակ մենք ընտրել ենք ԵԱՏՄ-ն, ինչը բխում է ՀՀ շահերից։ Երկրորդ կարծիք լինել չի կարող․ թող վիճակագրություն բացեն, նայեն՝ որ երկրների հետ ենք առևտուր անում, արտադրանքն ո՞ւր է արտահանվում, որտե՞ղ պահանջարկ ունի, և, վերջին հաշվով, գազն այդ էժան գնով ո՞վ է մատակարարում, ո՞վ է մատակարարում պարենը այդ գներով։

Կարդացեք նաև

Նույն հաջողությամբ ասում են՝ Ադրբեջանից գազ կառնենք, այդտեղ էլ քննարկելու բան չկա․ վաղը գուցե Ալիևը հայտարարի՝ Սևանը տվեք մեզ, 300 տարի ձեզ գազ կտամ։ Դա էլ է հարցի լուծում, այսինքն՝ մարազմի սահմաններ կան, որը հատելուց հետո քննարկելու բան չկա։ Եթե արժանապատվությունդ, մոռանում ես, անվտանգությունդ ու ամեն ինչ մոռանում ես, այդտեղ քննարկելու հարց չկա՝ բնականաբար, այդ դեպքում հնարավոր է Ադրբեջանից գազ առնել»։

Քանի որ Հայաստանի կառավարությունը տարին սկսել էր ԵՄ-ին՝ Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին հավանություն տալով, Հայկ Ֆարմանյանը նաև անդրադարձավ ԵՄ-ի հետ կապվող հեռանկարներին։ Նա հիշեցրեց հարևան Վրաստանի օրինակը՝ արձանագրելով, որ Վրաստանը մինչ Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալը եվրոասոցացման համաձայնագիր է ստորագրել, և եթե Եվրամիությունն առավելություն ուներ, ապա Վրաստանը տնտեսապես առավել մեծ առաջընթաց արձանագրած կլիներ ցայսօր։

«Վրաստանի նման երկիրը հետաձգում է Եվրամիությանն անդամակցությունը մինչև 2028 թվական, ու կարծում եմ, այս քայլը նաև մեջքից հարված է Վրաստանին։ Առանց Վրաստանի՝ Հայաստանին ԵՄ-ն չի ընդունելու գրկաբաց։
Սա, ըստ իս, Ալիևի հայտարարություններից հետո ինչ-որ քայլ է, որը իբրև թե կզսպի Ադրբեջանին՝ հատկապես այն պարագայում, երբ անվտանգության համակարգն էլ է խարխլված՝ ՀԱՊԿ-ի սառեցում և այլն»,- հավելեց տնտեսագետը։

Տեսանյութեր

Լրահոս