«Եթե լիդեր կա՝ թող ի հայտ գա, չսպասի առաջարկների». Արամ Նավասարդյան
Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված հասարակության կարծիքն իմանալու համար «Գելափը» հարցումներ է իրականացնում, որոնց արդյունքների վերաբերյալ պրեզենտացիան տեղի կունենա առաջիկայում։
168.am-ի հետ զրույցում GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը խոսել է այս ու ներքաղաքական մի շարք այլ հարցերի մասին։
– Պարոն Նավասարդյան, Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանրության մոտ ի՞նչ տրամադրություններ կան, ի՞նչ են ցույց տալիս ձեր ուսումնասիրությունները՝ պատրա՞ստ են որևէ բան փոխել, նույն հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը բունտ կարո՞ղ է առաջացնել։
– Մենք այս պահին իրականացնում ենք հարցում՝ երևանցիները Երևանի մասին, կամ՝ Երևանի ձայնը, սա մեր մշտական ծրագիրն է, որ իրականացնում ենք արդեն 15 տարի։ Հարցման ընթացքում կա հարցը, թե ինչպե՞ս են վերաբերվում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացմանն ու վճարման համակարգին։ Մոտ մեկ շաբաթ անց մենք կունենանք մեր հարցումների ընդհանուր պատկերը և կներկայացնենք լրատվամիջոցներին։
Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ 100 դրամների ինստիտուտը, որ վերադարձրեցին, որոշակի առումով պարպեց այն հնարավոր լարվածությունը, որը կարող էր տեղի ունենալ։
Կարծում եմ՝ այդ 100 դրամների վերադարձի գաղափարը ճիշտ լուծում էր, բայց դա էլ ցույց տվեց մեկ այլ խնդիր՝ դրանով քաղաքային իշխանությունն ապացուցեց, որ այդ բոլոր «բարեփոխումներն» արհեստածին էին և ոչ պետքական։ Եթե խոսքը գնում է այն մասին, որ գինն ավելի կթանկանա, հետո 100 դրամները շարունակում են կիրառվել, ապա ինչի՞ համար են այդքան ծրագրերի իրականացումը, փոփոխությունները, սարքերի տեղադրումը և այլն, իմաստը ո՞րն էր։
– Իսկ իրականության մեջ հանրությունն ուզո՞ւմ է որևէ բան փոխել։
– Կարծում եմ՝ հասարակության մոտ այդ պահանջը կա, որ պետք է բաներ փոխվի։ Սակայն այստեղ ոչ թե հասարակության, այլ քաղաքական դաշտի դերակատարների խնդիրն է, թե ով է այդ ամենն ի կատար ածելու, որովհետև հասարակություն ասվածն ամորֆ ձևակերպում է։ Հասարակության մեջ կան տարբեր շերտեր՝ տարբեր խնդիրներով ու նպատակներով։ Հետևաբար՝ քաղաքական դաշտի դերակատարների խնդիրն է, թե ով պետք է գեներացնի որոշակի գաղափարներ, ծրագրեր ու փորձի իրականացնել։ Եթե քաղաքական դաշտը միայն բավարարվում է խոսելով տարբեր հարթակներում՝ հանրային փոփոխություններ չգեներացնելով, հակված չեմ այս ֆոնին մեղադրել մեր հասարակությանը։ Հասարակությունը պասիվ է, քանի որ չի տեսնում այն ուժին կամ անհատին, որի հետևից կարող է գնալ և միասին ձևավորել պայքար։
– Իսկ Ձեր նշած առաջնորդի կերպարն ինչպե՞ս է տեսնում հասարակությունը, ինչպիսի՞ն պետք է լինի առաջնորդը, որպեսզի նրան վստահի ու հետևից գնա։
– Հաշվի առնելով վերջին 3-4 տարիների վատ փորձը, կարծում եմ՝ ծրագրի իրականացման պատրաստակամությունը և հետևողական լինելու բացակայությունն է, որը բերում է շարժումների ֆիասկոների։ Մենք գիտենք, որ քաղաքական գործիչները գեներացնում են որոշակի զանգված, բերում են հրապարակ ու չգիտեն՝ ինչ պետք է անեն։ Կամ գիտեն՝ ինչ պետք է անեն, բայց վախենում են ու չեն անում, որովհետև կան «լավ» խորհրդատուներ, ովքեր կողքից հուշում ու ասում են, փորձում որոշակի վերապահումներով այդ ամենն իրականացնել, ինչը բերում է այս ֆիասկոներին։
– Ձեր նշած պատճառներից զատ, տեսնո՞ւմ եք որևէ իրավիճակ, երբ հանրությունն առանց առաջնորդի կարող է դուրս գալ փողոց։
– Շատ են եղել դեպքեր, երբ առանց կոչերի, հասարակությունն ինքնաբուխ դուրս է եկել փողոց։ Կարող են ինքնաբուխ դուրս գալ փողոց, բայց եթե այդ պրոցեսները չեն կառավարվում և ճիշտ չեն ուղղորդվում, ապա այդ ամենն ունենալու է այն վախճանը, ինչին ականատես ենք եղել։ Մենք մի քանի անգամ տեսել ենք, որ ժողովուրդն ինքնաբուխ հավաքվել է տարբեր հարթակներում, սակայն չի տեսել այն առաջնորդությունն ու ծրագրերը, որոնք կարող են որոշակի փոփոխություններ բերել։ Վերջին օրինակն ասեմ՝ «Սրբազան շարժման» ժամանակ՝ նախորդ տարի մայիսի 9-ին, երբ հրապարակում հավաքվեց 50-60 հազար հոգի, ես այնտեղ տեսա, որ գոյություն չունի ծրագիր։ Տեսեք, երբ դու ասում ես, որ կա ծրագիր, դա չի նշանակում, որ այդ ծրագիրը կա։ Ըստ իս՝ սա անփորձություն էր, երբ Սրբազանն այդ օրը հայտարարեց, թե կառավարության ղեկավարին 1 ժամ ժամանակ է տալիս, գոնե ես հասկացա, որ այդտեղ ամեն ինչ ավարտվեց։
– Հիմա տեսնո՞ւմ եք որևէ առաջնորդի, թե՞ երկիրն այնպիսի իրավիճակում է, որ որևէ մեկը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել։
– Հեշտ պայմաններում շատերը կցանկանային գալ ու վերցնել իշխանությունը, լիդերի նկարագիրներից մեկն այն է, որ ինքը կարողանա այս ճգնաժամային իրավիճակում գա ու փորձի երկիրն այս բարդ իրավիճակից դուրս բերել։ Օրինակ, Շվեյցարիայում բոլորն էլ կցանկանան աշխատել նախագահ ու վարչապետ, առաջնորդել որոշակի շարժումներ։ Եթե կա լիդեր, որը տեսնում է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, նա պետք է մտավախություն չունենա երկրի ղեկը ձեռքը վերցնելու համար։ Իրականում սա ևս ֆիլտր է, նշանակում է՝ այդ լիդերը կա՛մ չկա, կա՛մ նա ի հայտ չի եկել, որովհետև եթե դու չունես խնդիրների լուծման քո տարբերակը, ինչի՞ մասին ենք խոսում։ Եթե պետք է իշխանությունը վերցնեն ու խնդիրները չլուծեն, այդ դեպքում ինչի՞ համար են փոփոխությունները՝ զուտ փոփոխությա՞ն։ Եթե լիդեր կա՝ թող ի հայտ գա ու ասի, որ լիդեր է, չսպասի առաջարկների։
Հայտնի քաղաքագետներից մեկը մի լավ միտք ասաց, որ եթե Բագրատ սրբազանն ունենար քաղաքական փորձառություն, ոչ թե կառաջարկեր 1 ժամվա ընթացքում հրաժարական տար Նիկոլ Փաշինյանը, այլ կառաջարկեր բանակցություններ։ Պետք է մշակված ծրագրեր լինեին, այս ամենը պետք է հաշվի առնեին, լիդերն անունով չէ։