
Հարցվածների 47,6 տոկոսը բացասական է գնահատել վաշինգտոնյան հռչակագիրը, 58,9 տոկոսը դեմ է Սյունիքով ճանապարհ տալուն, 83,1 տոկոսն էլ դեմ է Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխությանը

Օգոստոսի 25-30-ը «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հանրայնացրել է «TriPPvs ՏՏռաս» խորագրով հարցումները։ Հեռախոսային այս հարցմանը մասնակցել են 1101 քաղաքացիներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանի բոլոր համայնքներից։
Հարցման առաջին հատվածում վերջին շրջանում ամենաշատը քննարկված ու քննադատված վաշինգտոնյան գործընթացին վերաբերող հարցադրումներ են։
Այսպիսով, Gellup-ի հայաստանյան ներկայացուցչությունը նախ հետաքրքրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի մասին․ «Ինչպե՞ս եք գնահատում այս հռչակագրի ստորագրումը» հարցին ի պատասխան՝ հարցվածների 34 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատել այն, 13,6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական։ Այսինքն՝ 47,6 տոկոսը բացասական է գնահատել հռչակագրի ստորագրումը։
Այն ավելի շուտ դրական է համարել հարցածների 19,3 տոկոսը, իսկ լիովին դրական՝ 22,8 տոկոսը։ Հռչակագրի ստորագրման մասին տեղեկացված չի եղել հարցված քաղաքացիների 3,3 տոկոսը, իսկ հարցին դժվարացել է պատասխանել 7 տոկոսը։
Գելափի հայաստանյան ներկայացուցչությունը հաջորդ հարցում նախ տեղեկացրել է, որ «հռչակագրում վերահաստատվել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորվում են բացել հաղորդակցությունները: Այդ ջանքերը ներառում են նաև՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցության ապահովումը՝ Հայաստանի համար փոխադարձ հաղորդակցական հնարավորություններով», ապա հետաքրքրվել՝ «ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրելը»։
Այս հարցին ի պատասխան էլ՝ եթե «ճանապարհի տրամադրումը» դրական է գնահատել հարցվածների 35,5 տոկոսը, ապա բացասական գնահատածների թիվը մոտեցել է 60 տոկոսին (58,9 տոկոս)։
Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի՞ արդյոք երկարաժամկետ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում հարցին էլ՝ «միանշանակ այո» է պատասխանել 15,8 տոկոսը, «ավելի շուտ՝ այո»՝ 22,8 տոկոսը, «միանշանակ ոչ» պատասխանել է 41,6 տոկոսը, իսկ «ավելի շուտ՝ ոչ»՝ 13,5 տոկոսը։
Այս համատեքստում մեկ այլ հարցով էլ Գելափը հետաքրքրվել է ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմաններին։
«Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման․ Ո՞ր դատողության հետ եք առավել համաձայն»՝ հարցմանը պատասխանների տարբերակներն էլ ընտրվել են հետևյալ կերպ․
ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա՝ 58 տոկոս,
Դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է, և անկախ փոփոխությունից՝ Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրելու՝ 25,1 տոկոս,
Ես կքվեարկեմ կողմ ՀՀ Սահմանադրության փոփոխմանը, եթե դա բերի իրական և երկարաժամկետ խաղաղության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ 12,2 տոկոս։
Հարցին դժվարացել է պատասխանել 4,7 տոկոսը։
Մանրամասները՝ տեսանյութում