ՔԿԾ-ում բարձր ցուցանիշներ են արձանագրել պետի ԺՊ-ի վարորդն ու քարտուղարուհին. մյուսները լավ չեն աշխատում
Դեռևս տարեվերջին 168.am-ը գրել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների, պարգևավճարից բացի, նաև հավելավճար է տվել։
Ըստ 168.am–ի տեղեկությունների՝ բացի պարգևավճարից, լրացուցիչ հավելավճար էին ստացել սոցիալական, հոգեբանական և իրավական, ներքին անվտանգության բաժինների և օպերատիվ ծառայության պետերը։
Այսինքն՝ եթե դիտարկենք այն տրամաբանությունը, որ հավելավճար ստացել են բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող աշխատակիցները, ապա ինչո՞ւ բոլորը չեն ստացել, և ամենակարևորը, ի՞նչ հիմքով են նշված ստորաբաժանումների ղեկավարներին պարգևատրել նաև հավելավճարով:
ՔԿԾ պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանի այս որոշումը մեծ դժգոհություն էր առաջացրել ՔԿ ծառայությունում:
Մենք փորձել էինք այս հարցերի պատասխանները ստանալ ՔԿԾ լրատվական ծառայությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան էին մնացել, և
մեր հարցերը ՔԿԾ-ին ու նրա ղեկավարի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանին մենք հղեցինք հրապարակային ձևաչափով:
1. ՔԿԾ կենտրոնական մարմնի ո՞ր ստորաբաժանումների ղեկավարներն են ստացել հավելավճար։
2. Ի՞նչ սկզբունքով է Սահակ Գրիգորյանն ընտրել հավելավճար ստացող ստորաբաժանումների ղեկավարներին, և ի՞նչ հիմքով են վերջիններս ստացել հավելավճար։
Մեր առաջին աշխատանքային օրն իսկ, ստուգելով 168.am-ի էլեկտրոնային փոստը, հայտնաբերեցինք, որ մեր հարցմանը ՔԿԾ-ից «պատասխանել են» հենց նույն օրը, միայն թե պարզ չէր՝ ով էր պատասխանողը: Պետական կառույցից լրատվամիջոցին «պատասխան» ուղարկել էին առանց նշելու այդ «պատասխանի» բովանդակության պատասխանատուին, թեպետ պատասխան, որպես այդպիսին, իհարկե, չկար: Գրել էին «պտիչկայի» համար. հավանաբար տարվա վերջին աշխատանքային օրով ժամանակ չեն ունեցել՝ տարեմուտի միջոցառմանը մասնակցելու հանգամանքով պայմանավորված:
«Պատասխանի» մասին
Հարցին՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի ո՞ր ստորաբաժանումների ղեկավարներն են ստացել հավելավճար, ՔԿԾ-ից գրել էին՝ մի քանի տասնյակ բաժնի պետեր և աշխատակիցներ (քաղծառայող և զինծառայող) ստացել են պարգևավճար։
ՔԿԾ-ում, իհարկե, լավ գիտեն, որ Ծառայության բաժինների ու բաժանմունքների թիվը միասին չի հասնում 2 տասնյակի, հետևաբար՝ նախ մի քանի տասնյակ աշխատակից չէր կարող հավելավճար ստանալ, և բացի դրանից էլ, պետական գաղտնի՞ք էր ստորաբաժանումների անունը, թե՞ պարգևավճարից բացի, լրացուցիչ 170-200 000 դրամ հավելավճար ստացող մտերիմների շրջապատը կբացահայտվեր։
Հաջորդ հարցին էլ՝ ի՞նչ սկզբունքով է Սահակ Գրիգորյանն ընտրել հավելավճար ստացող ստորաբաժանումների ղեկավարներին, և ի՞նչ հիմքով են վերջիններս ստացել հավելավճար, «պատասխանել էին»՝ գնահատականը բացառապես տրվել է բարձր ցուցանիշներ և արդյունքներ արձանագրած ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատակիցներին։
Մենք հարցրել էինք՝ ի՞նչ հիմքով են դրանք տրվել. որպես շնորհակալությո՞ւն է արձանագրվել, դրամական օգնությո՞ւն, թե՞ կրկնակի պարգևավճար, իսկ միգուցե ամանորյա նվե՞ր Ձմեռ պապի կողմից՝ բարձր ցուցանիշներ արձանագրելու համար։ Որևէ մեկի անձի դեմ ոչինչ չունենք, թող կրկնակի, եռակի ստանան, բայց հավասարությունը պահպանվի։
Ինչպե՞ս է ստացվում, որ ՔԿԾ պետի՝ այդ ժամանակ ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Գրիգորյանի քարտուղարուհին ու վարորդը բարձր ցուցանիշներ են արձանագրել, իսկ ահա պետի մյուս տեղակալի վարորդներն ու օգնականները, օրինակ, փաստորեն բարձր ցուցանիշ ու արդյունքներ չեն արձանագրել։ Իսկ ՔԿԾ վարորդները հիմնականում ծանրաբեռնված են աշխատում։
Իսկ ամբողջ օրն ազատազրկված անձանց հետ հիմնարկներում աշխատող ծառայողը բարձր ցուցանիշ չի՞ արձանագրել, կամ ՔԿ հիմնարկի որևէ պետ լավ չի՞ աշխատել։
Ի դեպ, ՔԿԾ-ից մեզ տեղեկացրեցին, որ պետ դառնալու հավակնություններ ունեցող Սահակ Գրիգորյանը վերջին օրերին հասկացել է, որ ինքը ոչ մի շանս չունի, ու պետ կնշանակվի նախարարի ընկերուհին, և սկսել է վերջինիս քծնելու անօրինակ դրսևորումներով հանդես գալ:
Այդպես էլ եղավ. ՔԿԾ պետ դարձավ Ծովինար Թադևոսյանը. Սահակ Գրիգորյանը կարող է կրկնապատկել ջանքերը՝ 1-ին տեղակալի պաշտոնը չկորցնելու համար: