ՀՀ իշխանությունը նստած է ուղտի ականջում ու թիթեռ է նկարում, անելիքները 100 տարի առաջ են տղերքը գծել՝ հարատև պայքարը. Աշոտ Ավագյան
Սյունեցի քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանը վստահ է՝ քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը՝ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով, 2025 թվականն էլ նախորդ 6 տարիների նման լինելու է ոչ թե ձեռքբերումների, այլ կորուստների տարի։
«Այս իշխանության օրոք լավ բաների մի սպասեք։ Հիմա սպասեք՝ տեսեք, թե աշխարհում ինչե՞ր են կատարվելու, լուրջ բաներ են կատարվելու, որոնք Հայաստանին էլ են վերաբերելու։ Բայց Հայաստանի իշխանությունը նստած է ուղտի ականջում ու թիթեռ է նկարում։
Միայն մեկ բան գիտեմ՝ հայ ազգի անելիքները միշտ նույնն են, այդ անելիքները 100 տարի առաջ են տղերքը գծել՝ հարատև պայքարը, դրա մասին կարծես թե բոլորը մոռացել են։ Մի պահ ենք այդ անելիքն արել 90-ականներին ու դրանից հետո կարծես թե քնել ենք։ Պիտի պայքար լինի, պիտի կռիվ տրվի, ապրելու համար կռիվ տալ է պետք։ Վստահ ասում եմ՝ եթե 2025 թվականին կռիվ չտվեցինք, ապա 2026 թվականին ավելի խայտառակ վիճակում ենք հայտնվելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։
Նա, սակայն, այս պահին դեռ պայքարի ոգի չի տեսնում ազգի մեջ։
«Սյունեցու մեջ այս պահին չկա այն զգացողությունը, որ թշնամու դիտարկման ներքո է, վտանգ է իրեն սպառնում։ Երբ առանձին-առանձին զրուցում ենք, վտանգը գիտակցում ենք, բայց ընդհանուր այդ գիտակցումը չկա։ Այս իշխանությունների աշխատանքներից մեկը, որն իսկապես հենց իրենց համար է դրական, պայքարի ոգին այս ժողովրդի մեջ վերացրեցին՝ տագնապի զգացողությունն են վերացրել։ Ամեն մարդ իր քեֆին է, իր գլուխը պահելուն է»,- հավելեց Աշոտ Ավագյանը։
Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյան ու իր կինը 2025 թվականը հայտարարել են «պայքար տգիտության դեմ» կամ 2025 թվականը տգետների համար է, ապա դա իրենց խնդիրն է ու իրենց համար է՝ թող կրթվեն։
«Կրթությունն իմացությունն է, չէ՞, ինչի՞ մասին է խոսքը, գոնե մի 2000 տարի մենք գիտենք՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Իրենց արևին կարգախոս են հորինել ու մարդկանց խաբում են այնպես, ինչպես միշտ խաբել են։
Եթե իրենք ուզում են կրթվել՝ թող կրթվեն, ինչ ասեմ։ Բայց կրթվելը չգիտեմ՝ իրենց դեպքում ինչ նկատի ունեն՝ այբուբեն իմանա՞լը, մարդ լինե՞լը, ո՞րն է իրենց կիրթ լինելը։
Ես այս ազգին մի բան եմ ցանկանում՝ խելքները գլուխները հավաքեն ու պատրաստվեն մեծ ու իրական պատերազմի։ Երբ ես ասում եմ՝ պատերազմ, դա ոչ թե մեկ կամ երկու տարվա համար եմ ասում, այլ հարատև»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։