«Եվրոպայում սառը ցնցուղ. ջերմության միակ աղբյուրը Թուրքիան է». թուրքական թերթ
Մոսկվայի ղեկավարությունը դադարեցրել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա մատակարարվող ռուսական գազը, ինչը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի Եվրամիության երկրներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «Akşam» թերթը գրում է․ «Ռուսական գազի՝ Եվրոպա մատակարարման դադարեցման արդյունքում Թուրքիան դարձել է բազմաթիվ կենտրոնական եվրոպական երկրների ամենակարևոր ջերմության աղբյուրը: Ռուսաստանի կողմից փականի փակումն ազդել է գազի գների վրա: Եվրոպայում գազի գները հասել են պատմական բարձր մակարդակի»։
Նշվում է, որ Եվրոպայում գազի պաշարները 2021 թվականից ի վեր նվազում են արագ տեմպերով: Ռուսական գազը Եվրոպա փոխադրող հիմնական խողովակաշարերը՝ «Հյուսիսային հոսք 1»-ը, «Հյուսիսային հոսք 2»-ը և «Յամալ-Եվրոպա»-ն անգործության մեջ են, իսկ Ուկրաինայից մատակարարման դադարեցման հետևանքով Թուրքիան դարձել է միակ երթուղին:
«Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը մատակարարման դադարեցումից հետո իր գնահատականում նշեց, որ այս իրավիճակը ԵՄ-ի համար կարճաժամկետ հեռանկարում մատակարարման անվտանգության ռիսկ չի ներկայացնում, բայց հեղուկացված բնական գազի ներմուծման պահանջարկը կարող է աճել և 2025 թվականին հանգեցնել գլոբալ գազի շուկաների ճնշմանը»,- տեղեկացնում է «Akşam»-ը։