«2025 թվականը պետք է լինի պայքարի շարունակության, չհիասթափվելու տարի». Մենուա Սողոմոնյան
Միջազգայնագետ, «ՀայաՔվե» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ 2024 թվականը շատ անհանգիստ ու ճգնաժամային տարի էր, հայ ժողովուրդն ավելի սուր զգաց անվտանգության դեֆիցիտը, ինչը հատկապես կապված էր Տավուշի մարզի սահմանագոտում կատարված էական զիջումների հետ։
«2024 թվականը նաև կարևոր տարի էր՝ ցույց տալու համար, որ ի դեմս «Սրբազան շարժման», որ տեղի ունեցավ համախմբում, որը, իհարկե, զիջումներն ամբողջությամբ չկասեցրեց, բայց այն ծավալը, որը ծրագրված էր զիջել՝ կասեցրեց այդ ամբողջ ծավալը։ Հետևաբար, այս հանգամանքը կարևոր ցուցիչ էր, որ հայ ժողովրդի մեջ պայքարի ոգին չի մարել, առաջնորդության, համապատասխան բանաձևերի, կարողությունների միահյուսման պարագայում՝ կարող է պայքարել թշնամական օկուպացիայի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մենուա Սողոմոնյանը՝ ամփոփելով անցնող 2024 թվականը։
Միջազգայնագետը 2024 թվականը նշանավոր է համարում նաև այն առումով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում որոշ մարդիկ գիտակցեցին, որ առաջիկա անդառնալի կորուստների ծանր հետևանքների պատասխանատվություն կարող են կրել։ Գուցե դրանով պայմանավորված որոշակի սասանումներ եղան կուռ թվացող ՔՊ-ի ներսում, ինչը հուսադրող հանգամանք է։
«2024 թվականը սկսվել էր ՀՀ Սահմանադրությունը փոխելու անոնսով, և քաղաքացիական հասարակությունը, քաղաքական որոշ ուժեր, այդ թվում՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը, բավականին կոշտ մեթոդներով կարողացան հասնել նրան, որ այդ խոսակցություններն առնվազն հետաձգվեն։ Տարվա ընթացքում մեկումեջ նման խոսակցություններ նույնպես եղան, բայց, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ի վիճակի չէ Սահմանադրական հանրաքվե անել ու Սահմանադրություն փոխել։ Այդ պատճառով էլ հարցը հետաձգվեց մինչև 2025 թվականը՝ հույս ունենալով, որ արտահերթ կամ հերթական ընտրությունների արդյունքում կունենան այդ լեգիտիմությունն իրականացնելու Ադրբեջանի պահանջը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մենուա Սողոմոնյանը նաև շեշտեց՝ հայ հանրությունը պետք է իմանա, որ Ադրբեջանը որևէ շահագրգռվածություն չունի Հայաստանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, անգամ այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունը զիջել է Արցախը և հրաժարվել են Արցախից։ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, փոխարենը՝ ցանկանում է շարունակաբար թուլացնել, կազմաքանդել Հայաստանի պետականությունը՝ Հայաստանը դարձնելով Ադրբեջանից ու Թուրքիայից կախված վասալ մի երկիր։
Խոսելով 2025 թվականից ունեցած սպասելիքների մասին, Մենուա Սողոմոնյանն աաց.
«2025 թվականը հայ ազգի համար պետք է լինի պայքարի շարունակության, չհիասթափվելու տարի։ Ցանկացած միջոցով, որով մենք կարող ենք հասնել իշխանափոխության և դրանով կանխել Հայաստանի երկրորդ ու անդառնալի կապիտուլյացիան, մենք բոլորս՝ լինի կենտրոնացված թե ապակենտրոն ձևով, կոնսենսուսը դա պետք է լինի, որ բոլորս պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս մեր պայքարի մեջ պետք է լինենք արդյունավետ։
Իմ ամենագլխավոր բարեմաղթանքը՝ հույսն է, հավատը ու սերը։ Իսկապես մեր ժողովրդին, հայ ազգին սա եմ ցանկանում, հուսալքվելը քրիստոնյային բնորոշ չէ, որևէ լավ տեղ չի տանում։ Մենք պետք է հավատ ընծայենք մեր ուժերին, Աստծուն և պետք է սիրով լցվենք միմյանց նկատմամբ։ Պետք է հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը նախասահմանված առաքելություն ունի, որը կապված է մեր տեսակի, արժանապատվության հետ։ Մենք պետք է ունենանք այս գիտակցությունը՝ կորով ու համբերություն հայ ազգին»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը։