Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները
2024 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծի: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նույնը օրը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող անձինք ծագած վիճաբանությունից հետո հետապնդել են մյուս ավտոմեքենային և չթույլատրելի հատվածում կանգնելով խոչընդոտել են վերջինիս տեղաշարժը:
Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում Վ.Մ.-ն իջնելով մեքենայից հարվածել է Տ.Ա.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո իր մոտ գտնվող զենքով հարվածել է Ռ.Ռ.-ին՝ գլխի հատվածում, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին:
Այնուհետև, Վ.Մ.-ն և Ռ.Մ.-ն խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները դիտավորությամբ շարունակել են ընկած վիճակում ոտքերով հարվածներ հասցնել Ռ.Ռ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո Ռ.Մ.-ն կրակել է Ռ.Ռ.-ի ուղղությամբ: Պարեկային ծառայության աշխատակիցների ժամանումից հետո խումբը դիմել է փախուստի:
Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Ռ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):
Վ.Մ.-ի և Ռ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
2024 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: