Իրանը խաղաղություն, կայունություն և ներառական կառավարություն է ցանկանում Սիրիայում. Աբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին օմանցի գործընկերոջ՝ Բադր բին Համադ ալ-Բուսաիդիի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ ներառական կառավարության ձեւավորում Սիրիայում, տեղեկացրել է Mehr-ը։
«Մենք երկարատեւ բանակցություններ ենք վարել Սիրիայի իրադարձությունների շուրջ։ Մենք համաձայն ենք Սիրիայի տարածքային ամբողջականության եւ միասնության պահպանմանը, Սիրիայի ներքին գործերին չմիջամտելուն, բոլոր էթնոսների եւ կրոնների հարգմանը, նրանց իրավունքների պահպանմանը եւ ներառական կառավարության կազմավորմանը՝ բաղկացած Սիրիայի բոլոր էթնոսների եւ խմբերի ներկայացուցիչներից»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
«Մեր դիրքորոշումը շատ նման է Օմանի եւ տարածաշրջանի մյուս խոշոր երկրների դիրքորոշմանը։ Մենք ցանկանում ենք վերջ դնել սիրիական տարածքի օկուպացիային, հատկապես սիոնիստական ռեժիմի կողմից»,- նշել է նա։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ օսմանցի գործընկերոջ հետ բանակցություններում տեղի է ունեցել նաեւ կարծիքների փոխանակում Եմենի իրադարձությունների շուրջ։
«Իրանը դատապարտում է իսրայելական եւ ամերիկյան ռազմական գրոհները Եմենի հողի դեմ եւ երկրի ենթակառուցվածքի ավերումը։ Մենք ընդգծում ենք Եմենի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունները կվերսկսվեն որքան հնարավոր է շուտ, եւ որ մենք կկարողանանք կանխել դավադրությունները, որոնք գոյություն ունեն Եմենում նոր քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով»,- ասել է Արաղչին։