Ռուսաստանին ձեռնտու չեն Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի թիմի առաջարկները. Լավրով

Ռուսաստանին ձեռնտու չեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի առաջարկները՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու և այնտեղ ԵՄ և բրիտանական խաղաղապահներ տեղակայելու մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դատելով բազմաթիվ արտահոսքերից և դեկտեմբերի 12-ին Դոնալդ Թրամփի «Time» ամսագրին տված հարցազրույցից՝ խոսքը վերաբերում է շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների «սառեցման» և Ռուսաստանի հետ առճակատման հետագա պատասխանատվությունը եվրոպացիներին փոխանցելու մասին։ Մեզ, իհարկե, ձեռնտու չեն նորընտիր նախագահի թիմի ներկայացուցիչների անունից Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու, ինչպես նաև «բրիտանական և եվրոպական ուժերի» խաղաղապահ կոնտինգենտ Ուկրաինա մտցնելու առաջարկները», – ասել է ռուսաստանցի նախարարը։

Միաժամանակ Լավրովը նշել է, որ Մոսկվան ուկրաինական կարգավորման վերաբերյալ պաշտոնական ազդանշաններ չի ստացել ԱՄՆ-ից։

«Մինչև հունվարի 20-ը՝ երդմնակալության օրը, Դոնալդ Թրամփն ունի «ընտրված նախագահի» կարգավիճակ, և բոլոր ուղղություններով ողջ քաղաքականությունը որոշում է ներկայիս նախագահ Ջոզեֆ Բայդենը և նրա վարչակազմը։ Եվ առայժմ միայն վերջինս է իրավասու ԱՄՆ-ի անունից շփումների մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Ժամանակ առ ժամանակ, ինչպես մենք պարբերաբար տեղեկացնում ենք, դա տեղի է ունենում, բայց նման շփումներում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մասին խոսք չկա»,- պարզաբանել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս