Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ria.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության առաջին տվյալների համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել էր մեկնել Ակտաուի այլընտրանքային օդանավակայան՝ դա բացատրելով թռչունների հետ բախմամբ։
Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ, ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից ինը ռուսներ են։ Ընդհանուր առմամբ, ըստ ցուցակների, ինքնաթիռում եղել է ՌԴ 16 քաղաքացի։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով վթարի մասին, որոշակի մտահոգություններ էր հայտնել։
«Վթարի նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա, և փաստերն այն են, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր։
Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, պետք է ընդունի իր մեղքը, մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի»,- նշել էր Ադրբեջանի ղեկավարը։