Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը. Վահե Դավթյան

Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է բիզնեսի վրա պետության ազդեցության ավելացման միտում, ինչը ոչ թե ազգային տնտեսության զարգացմանն ուղղված պրոտեկցիոնիզմի հետևանք է, այլ իշխանության ամրապնդման գործիք։ Դա ապահովվում է տարբեր մեթոդներով՝ սկսած մի շարք ընտրյալ տնտեսվարող սուբյեկտների հարկային արտոնություններից և մասնավոր սեփականության պետականացումից մինչև քրեական հետապնդում:

Այս քաղաքականության, թերևս, ամենավառ արդյունքը Հայաստանի հիմնական հարկատուի՝ ՛՛Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՛՛ բաժնետոմսերի պետական սեփականությանն անցնելն է՝ նախ 15%, ապա գաղտնի որոշմամբ՝ մոտ 7%։

Նաև այս տարվա սկզբին կառավարությանն է փոխանցվել հանրապետության հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն խաղացողներից մեկի՝ «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժնետոմսերի 20%-ը։

Այժմ էլ կառավարությանն է փոխանցվում «Լիդիան Արմենիա» ընկերության 15% բաժնեմասը։

Այս ամենին զուգահեռ Հայաստանում նկատվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատում։

2023 թ. Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է $443 մլն, ինչը 2,5 անգամ ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ իրական հատվածում ներդրումների կրճատումը կազմել է 31,5%։

Բացի այդ, 2023 թ. Հայաստանից կապիտալի զգալի արտահոսք է գրանցվել. տարվա ընթացքում արտերկիր է արտահանվել մոտ $4,5 մլրդ, ինչը 55%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Ակնհայտ է, որ գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս