«Փաշինյանը Հայաստանը միտումնավոր դնում է դիվանագիտական մեկուսացման մեջ՝ Ալիևի հետ համաձայնեցված». Մենուա Սողոմոնյան
Ռուսաստանում երեկ տեղի ունեցավ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի նախագահությունն այս տարի Հայաստանինն էր։ Սակայն նիստին Նիկոլ Փաշինյանը չէր մեկնել. ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե վարակվել է կորոնավիրուսով, թեստ է հանձնել՝ արդյունքը դրական է։ Նա նիստին մասնակցել է տեսակապի միջոցով։
Միջազգայնագետ, «ՀայաՔվե» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ հայ ազգը սովորաբար Նիկոլ Փաշինյանից լսել է կիսաճշմարտություններ և բացարձակ սուտ, ուստի որևէ հիմք չկա հավատալու, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին չմեկնեց կորոնավիրուսի պատճառով։
«Գուցե, սա էլ է հնարավոր, սակայն նման համընկնումներ պարզապես չեն լինում։
Այստեղ ես տեսնում եմ հետևյալ միտումը՝ սրանով Նիկոլ Փաշինյանը Հայաստանը միտումնավոր դնում է դիվանագիտական մեկուսացման մեջ։ Այսպիսով՝ եթե առաջիկայում լինի ադրբեջանական ագրեսիա կամ այդ ագրեսիայի սպառնալիք, Նիկոլ Փաշինյանը կրկին հղում անի իր «անպաշտպանությանը, որ դաշնակիցները Հայաստանին չեն օգնում, որ աշխարհը մեր դեմ է», և այլն, ու դրանով կփորձի արդարացնել իր նոր զիջումները։ Թե ինչի՞ տեսքով կլինեն այդ զիջումները, մենք չենք կարող ասել, որովհետև մենք գիտենք, որ կուլիսների հետևում հաստատ կան պայմանավորվածություններ, և Ալիևը մի քանի անգամ այդ մասին ասել է։
Նիկոլ Փաշինյանը դրանք չի հերքել, չի ասել, որ նման պայմանավորվածություններ չկան, օրինակ, «միջանցքի» հարց, այլ ասում է, որ որևէ տեղ գրավոր արձանագրված չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մենուա Սողոմոնյանը։
Միջազգայնագետը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգներում այս պահին ընդմիջման ժամանակաշրջան է՝ մինչև հունվարի 20-ը։ Սրանից հետո էլ պարզ չի լինի, թե այդ երկիրն ինչ քաղաքականություն կվարի Հարավային Կովկասում։ Դատելով Թրամփի ելույթներից, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները համաձայն կլինի, որ Հարավային Կովկասի հարցերը լուծեն տարածաշրջանային ուժերը՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
«Այս պայմաններում, երբ մենք Ադրբեջանի կողմից տեսնում ենք ակտիվ քաղաքականություն տարածաշրջանային ուժերի հետ համագործակցության, հարաբերությունների զարգացման, օրակարգերի համաձայնեցման և Արևմուտքին ուղղված ընդգծված քաղաքականություն, ապա Հայաստանի անունից այնպես հանդես գալը, որ դիվանագիտական մեկուսացման ենթարկվի երկիրը, մեզ այլ բան չի մնում կարծելու, քան Փաշինյանից Ալիևի համաձայնեցված՝ Հայաստանի դիվանագիտական մեկուսացում։ Այս ամենի հետևանքը լինում է այն, որ ագրեսիայի դեպքում ոչ ոչ չի օգնելու Հայաստանին»,- շեշտեց Մ. Սողոմոնյանը։
Հարցին՝ Ադրբեջանը կգնա՞ ագրեսիայի, երբ նրա պահանջները ՀՀ իշխանություններն առանց այդ ագրեսիայի էլ կատարում են, Մենուա Սողոմոնյանը պատասխանեց՝ պետք է, չէ՞, ուժի ցուցադրումը լինի Ադրբեջանի կողմից, որ Փաշինյանը կարողանա այդ զիջումներն անել։
«Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ ժողովո՛ւրդ, Ալիևի սիրուն աչքերի համար զիջում եմ անում։ Ինքը պետք է ինչ-որ ձևով ասի, որ «ինքնիշխանություն ենք պահում, դաշնակիցները չեն օգնում Հայաստանին, ուժային բալանս է փոխվել, աշխարհը գտնվում է փոթորկուն վիճակում», և այլն։ Շատ հեշտ կլիներ ասել հակառակը, որ ագրեսիա չկա, բայց դա խելամիտ չէ, որովհետև այդպես չէ։
Ախր, մենք տեսում ենք, չէ՞, թե Ադրբեջանն ինչ մեծ սպառազինություն է ձեռք բերել Իսրայելից, Պակիստանից։ Նաև զորավարժություններ են արել, իսկ մենք արդեն տեսել ենք, թե երբ Ադրբեջանը զորավարժություններ է անում ու զենք ձեռք բերում, դա ինչով է ավարտվում։ Բայց Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե Հայաստանը զինվում է և այլն, սա էլ դիվանագիտական դաշտում նախապատրաստական աշխատանքներ է։ Այս ամենը նկատի ունենալով, մենք չենք կարող լավատես լինել»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը։