«Հիջաբի մասին» օրենքն ու Փարաստա Ահմադիի գործը. Արդյո՞ք «կանանց հարցը» կպայթեցնի Իրանը. Ալեքսանդր Գրիգորև

Իրանի քաղաքական համակարգը և պետական կառավարման մարմիններն անցնելու են ամրության բարդ փորձություն 

Դեկտեմբերի 14-ի առավոտյան Իրանի անվտանգության ուժերն ազատ են արձակել երկու օր առաջ Մազանդարանում ձերբակալված երգչուհի Փարաստա Ահմադիին, ինչպես նաև նրա խմբի երկու երաժիշտներին: Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, նա ելույթ ունեցավ YouTube-ում (սահմանափակված Իրանում) առցանց համերգով՝ հավաքելով ավելի քան երկու միլիոն դիտում և լայնորեն տարածվեց պարսկալեզու (և ոչ միայն) ինտերնետում:

Դեկտեմբերի 12-ին Իսլամական Հանրապետության դատական իշխանությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ համերգը «ոչ մի իրավական թույլտվություն չի ունեցել և չի համապատասխանել երկրի իրավական և մշակութային նորմերին», իսկ երգչուհու և նրա նկարահանող խմբի դեմ կձեռնարկվեն «համապատասխան միջոցներ»:

Ահմադին ծնվել է 1997-ին Նովշահրում, ավարտել է 1994-ին Թեհրանում հիմնադրված Սուրեի համալսարանը՝ ռեժիսուրա մասնագիտությամբ, և հայտնի դարձել երգերի կատարմամբ և երաժշտական գործիքներ նվագելու շնորհիվ՝ սոցիալական ցանցերում ձեռք բերելով բազմաթիվ երկրպագուներ։ Մինչդեռ իրանական օրենսդրությունն արգելում է կանանց երգել սոլո կամ հանրությանը ներկայանալ առանց հիջաբի: Ավելին, վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ «անպարկեշտություն քարոզելու կամ տարածելու, հիջաբից հրաժարվելու և ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու» մեջ մեղադրվող անձանց կարող է սպառնալ մինչև 10 տարի ազատազրկում և ոչ փոքր տուգանքներ:

Առանձին դեպքերում, եթե իշխանությունները գտնեն, որ հիջաբ կրելու խախտումը կապված է «պարկեշտության նորմերի խախտման քարոզչության գործում օտարերկրյա պետությունների հետ համագործակցության հետ»՝ ընդհուպ մինչև մահապատիժ: «Իրանում կանայք 45 տարի շարունակ բախվել են տուգանքների, բանտերի և ծեծի՝ հիջաբ չկրելու համար, սակայն առաջին անգամ օրենքը նախատեսում է մահապատիժ նման «հանցագործության» համար»,- այս առիթով նշել է տեղի իրավապաշտպան Նազանին Աֆշին-Ջամ Մակքեյը:

Ահմադիի մերկ ուսերով ելույթը, ըստ պահպանողական հիմքերով հետևորդների, մարտահրավեր է նետում վաղեմի սահմանափակումներին և վերջին խստացումներին: Երգչուհու նախորդ «անհնազանդության գործողությունները», այդ թվում՝ Az Khoon-e Javanan-e Vatan երգի կատարումը 2022-ին պարտադիր հիջաբ կրելու դեմ համազգային բողոքի ակցիաների ժամանակ, արդեն դարձել էին իշխանությունների հետ նրա կոնֆլիկտի պատճառը։

«Գեղարվեստական» անհնազանդությունը դարձել է Իրանում բողոքի շարժումների առանձնահատկությունը, և այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Շերվին Հաջիպուրը, Մեհդի Յարահին, Սաման Յասինը և Թումաջ Սալեհին, ձերբակալվել են այլախոհությունը խրախուսելու գործում իրենց ենթադրյալ դերի համար, և Ահմադիի համերգը շարունակում է այդ ավանդույթը: Իգոր Դիմիտրիևը ենթադրում է՝ երգչուհու քայլը միանգամայն գիտակցված էր՝ «հաշվի առնելով, որ նա բազմիցս մասնակցել է բողոքի ցույցերին, երգել է ազատատենչ երգեր։ Եվ այդ համերգից առաջ հուզիչ բացման խոսք է ասել ազատության մասին։ Ըստ երևույթին, նա միտումնավոր հարված է վերցրել իր վրա, որպեսզի բողոքի նոր ալիք առաջացնի»։

Թվում էր՝ դատական համակարգի օպերատիվ գործողությունները ցույց էին տալիս իշխանությունների վճռականությունը՝ զսպելու այն, ինչը նրանք համարում են «մշակութային նորմերի խախտում», չնայած նույնիսկ բացասական արձագանքին Իրանի ներսում և նրա սահմաններից դուրս տեղեկատվական միջավայրում:

Սակայն երգչուհու ազատ արձակումը, ինչպես նաև նույն օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից հիջաբի մասին վիճահարույց օրինագծի կասեցումը վկայում է իրանական իշխանության ներսում աճող տարաձայնությունների մասին՝ Սիրիայում ակնհայտ անհաջողությունների, ինչպես նաև երկրի ներսում աճող սոցիալ-տնտեսական խնդիրների խորապատկերին: Եթե «պտուտակ ոլորողների» կողմնակիցները պնդում են սկանդալային նախաձեռնության ընդունումը, ապա պայմանականորեն իսթեբլիշմենթի «ռեֆորմիստական» թևը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, բացահայտ ընդունում է՝ այժմ հասարակության միասնությունն ու համերաշխությունը խախտելու ժամանակը չէ։ Չնայած «դեմքը պահպանելու» փորձերին՝ «Ասադի ռեժիմի» անկումից հետո ներքաղաքական ռիսկերը նկատելիորեն աճել են, և հասարակության նկատմամբ վերահսկողության խստացման ցանկացած փորձ կարող է հասարակական դժգոհության նոր ալիք առաջացնել:

Չի բացառվում՝ իր ծավալով նա կարող էր գերազանցել և 2009-ի «կանաչ շարժումը», և 2022-ի սեպտեմբերին սկսված «Մահսա Ամինիի բողոքները», որը ձերբակալվել էր «հիջաբը սխալ կրելու» համար և մահացել ոստիկանական բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ շուրջ մեկուկես տարի շարունակվող անկարգությունները, որոնք ամեն կերպ բորբոքվում էին Իրանի արտաքին թշնամիների (առաջին հերթին՝ անգլոսաքսերի և Իսրայելի) կողմից, արագորեն ընդունեցին սոցիալական, իսկ Ադրբեջանում, Քուրդիստանում, Սիստան-Բելուջիստանում՝ նաև էթնո-դավանաբանական բնույթ՝ դուրս գալով հիջաբ կրելու կանոնների քննարկման և նույնիսկ ավելի լայնորեն հասկանալի «կանանց հարցի» շրջանակներից։

2022-ի նոյեմբերին այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն անցած մայիսին զոհվեց նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտարարել էր «դավադրության մասին, որը, ի վերջո, ուղղված է Իրանի փլուզմանը»։

Արևմտյան ԶԼՄ-ներից, որոնք, հավանաբար, գիտակցաբար ուռճացնում են Իրանի կրած անախորժությունները, այնուամենայնիվ, հայտնի է՝ շատ նահանգներում դպրոցները, բանկերն ու հաստատությունները երեք օր անընդմեջ փակվում են զրոյական ջերմաստիճանի, էլեկտրաէներգիայի սպառման աճի և վառելիքի պակասի խորապատկերին: Tasnim գործակալության տվյալներով՝ բնակելի տներում, ձեռնարկություններում և արդյունաբերության «փոքր» ճյուղերում գազի սպառումը հասել է ռեկորդային մակարդակի՝ 640 միլիոն խորանարդ մետր, ինչը 18 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ: Գազային ճգնաժամը խորացնում է պատժամիջոցների ենթարկված տնտեսության վրա աճող ճնշումը։ Լինելով նավթի և գազի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Իրանը տառապում է էներգառեսուրսների զգալի պակասից, որը պայմանավորված է բազմամյա պատժամիջոցներով և համապատասխան ենթակառուցվածքի քրոնիկ թերֆինանսավորմամբ:

Այս տագնապալի խորապատկերին ավելի ու ավելի հաճախ են հարցեր տրվում Սիրիայում իրանական ներդրումների ճակատագրի մասին, որոնք կարող էին կազմել 20-30 մլրդ դոլար (անուղղակի ծախսերի հետ մեկտեղ՝ խոսքը կարող է լինել 2010-ականների սկզբից ծախսված ավելի քան 80 միլիարդ դոլարի մասին), և այժմ այդ պարտքի ճակատագիրը, մեղմ ասած, այնքան էլ պարզ չէ։ Կորսված են անշարժ գույքում, տեղական բիզնեսում, օգտակար հանածոների հանքավայրերում ներդրումները, իրանամետ աշխարհազորայինները լքել են Սիրիան, կորստի գործընթացում՝ «շիական կիսալուսինը», որը, լավ-վատ, ելք էր ապահովում Իրանի համար դեպի Միջերկրական ծով, Իսրայելի գործողություններով փակվել է ճանապարհը դեպի Լիբանանի հարավ, փոշիացել են սուննի բնակչության մի մասին (մասնավորապես՝ Սիրիայի արևելքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ) իսլամի իրանական տարբերակը տարբեր միջոցներով պարտադրելու փորձերը։ «Համինահ» պարբերականը գրում է.

«Իր զորքերը Սիրիայի այժմ արդեն նախկին նախագահի պաշտպանությանը չուղարկելու որոշումը դարձել է իրադարձություններն արագացնող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Թեհրանի նման որոշումը կարող է լինել «Ասադի ռեժիմի» հիմնարար խնդրի ճանաչման արդյունք, որը ժողովրդականություն չի վայելում նույնիսկ խորացող տնտեսական ճգնաժամից առաջ»:

Ավստրիացի ռազմաքաղաքական վերլուծաբան Թոմ Կուպերի վարկածով՝ վերջին 14-16 ամիսներին, իսրայելական աճող սպառնալիքների խորապատկերին, «Ասադի ռեժիմն» աստիճանաբար սահմանափակել է իրանական «Հըզբոլլահ» զենքի հոսքը, փակել է Դամասկոսում Եմենի հուսիտների գրասենյակը, անտեսել է Իդլիբի գրոհայինների առաջիկա հարձակման մասին իրանական նախազգուշացոմները՝ անվերապահորեն կանգնեցնելով Թեհրանի հետ համագործակցության դադարեցման ուղին: Միայն Իրաքում Իրանի դիրքերը հասկանալի պատճառներով (շիա բնակչության 60-65%-ը, բազմաթիվ շիա սրբավայրեր, կրոնական-մշակութային սերտ կապեր) մնում են բավականին ամուր։ Լիբանանում և Սիրիայում տեղի ունեցած ֆիասկոն դարձել է իրանական իսթեբլիշմենթի շրջանում, այդ թվում՝ մեջլիսի փակ նիստերում, մասամբ՝ լրատվամիջոցներում թափվող էմոցիոնալ վիճաբանության առարկա։ Մասնավորապես, Թեհրանում Ադրբեջանի նախկին դեսպան Ջավանշիր Ախունդովը պնդում է՝ ուլտրակոնսերվատորներն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրում են Սիրիայում դիրքերի փլուզման մեջ։ Հանդես գալով հսկայական ծախսեր պահանջող սանձարձակ արտաքին էքսպանսիոնիզմի դեմ՝ բողոքի որոշ ցույցերի մասնակիցներ վանկարկել են՝ «ոչ Լիբանան, ոչ Սիրիա՝ իմ սիրելի Իրան»։

Ամերիկացի արևելագետ, Մերձավոր Արևելքի «ժողովրդավարության» մասնագետ Դանիել Բրումբերգը գրում է«Սիրիայում տեղի ունեցածը, ոչ ավել, ոչ պակաս, ավերեց Իսլամական Հանրապետության քաղաքական կառուցվածքը, Ասադի անկումը ոչ միայն վարկաբեկեց կոշտ գծի իրանցի կողմնակիցներին, այլև բավարար հիմքեր տվեց Միացյալ Նահանգների հետ դիվանագիտությունը վերսկսելու համար. դիրքորոշում, որին ռեֆորմիստները վաղուց աջակցում են»: Նա, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ «Ռեֆորմիստները կօգտվեն այս հնարավորությունից՝ վերակնդանացնելու իրենց ազդեցությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ արտերկրում», մինչդեռ հոգևոր առաջնորդը գիտակցում է, որ «Իրանին՝ իր առավել կենսական շահերը պաշտպանելու համար պարտադիր է ռազմական ուժ օգտագործելու ունակության նվազմամբ՝ դիվանագիտության օգտագործումը»:

Մինչ իսրայելցիները ոչնչացնում են Արաբական Հանրապետության մնացորդային ռազմական ենթակառուցվածքները, սիոնիստ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի ժամանումը Սպիտակ տուն նույնպես լավ բան չի խոստանում: 2018-ին այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն ձևակերպեց տխրահռչակ «12 կետերը», որոնք, չի բացառվում, որ 2025-ին ընդլայնվեն և լրացվեն: Պատժամիջոցների խստացումը բացասաբար կանդրադառնա էներգառեսուրսների արդյունահանման և Չինաստանի և Իրանի մյուս առանցքային առևտրատնտեսական գործընկերների հետ նավթի առևտրի վրա: Գրեթե բացահայտ քննարկվում է Իրանի ենթադրյալ օբյեկտների հարձակման տարբերակը, որոնք կապված են նրա միջուկային ծրագրի հետ։

Թեժանում են նաև ներքին հակասությունները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն ցանկացած երկրում, բայց որոնք կարելի է ուղղել ապակառուցողական հուն։ «(Իրանական) հասարակության հոգեբանական վիճակն այնպիսին է, որ ցանկացած կայծ, լինի դա Խամենեիի մահը, թե մեկ այլ նշանակալի անհաջողություն, կարող է ռեժիմի ավարտի սկզբի ազդանշան դառնալ»,- պնդում է արևմտամետ ակտիվիստներից մեկը, որոնց կարծիքով՝ Իսլամական կառավարման նույնիսկ ամենահամառ հետևորդները խորը մտորումների մեջ են:

«Ասադի անկմանը հանգեցրել է լեգիտիմության և ոչ կոմպետենտության ճգնաժամը,- հեռարձակում է մեկ ուրիշը։ -Նույնը վերաբերում է նաև Իրանի կառավարությանը, որն ավելի ու ավելի հաճախ ի վիճակի չէ բավարարել իր քաղաքացիների նույնիսկ հիմնական կարիքները»։

Իրանի «լուրջ պարտության» մասին եզրակացության է հանգում նաև հնդիկ արտաքին քաղաքական վերլուծաբան և պաշտոնաթող դիվանագետ Մ.Բհադրկումարը. «…Սիրիայում ծայրահեղական սուննիական խմբավորումների հաղթանակը, որոնք հավատարիմ են «Ալ-Քաիդայի» գաղափարախոսությանը, կհանգեցնի Սիրիայում իշխանության վերաբաշխմանը, որը թշնամաբար է տրամադրված Թեհրանի նկատմամբ։ Դիվանագետների տարհանումը, որին հաջորդում է Դամասկոսում Իրանի դեսպանատան գրոհը, ինքնին խոսում է… Իսրայելը ջանք չի խնայի Սիրիայում իրանական ազդեցությունից ազատվելու համար: ԱՄՆ-ը ամեն կերպ դիմակայելու է Թեհրանի և Սիրիայում սուննի զինված խմբավորումների առաջնորդների միջև կամուրջների հնարավոր կառուցմանը, որը տեսականորեն կարող է մասամբ մեկուսացնել Իսրայելին տարածաշրջանում»։

Բովանդակությամբ և ոգով մոտ գնահատականներ են տարածվել նաև ռուսական փորձագիտական միջավայրում. կրած անհաջողություններից հետո «Իրանն այլևս չի կարող իրեն թույլ տալ ակտիվ և հզոր արտաքին քաղաքականություն, ստիպված կլինի բավականին երկար ժամանակ լիզել վերքերը… Իրանը պետք է գոյատևի, Իրանը պետք է վերականգնվի: Ներկայիս ղեկավարությունը պետք է պահպանի աստվածապետական ռեժիմը, այսինքն՝ պահպանի բառացիորեն Իսլամական Հանրապետությունը և ղեկավարությունը՝ ռահբարի գլխավորությամբ… Մենք չենք սպասում, իհարկե, այաթոլլաների ռեժիմի անկմանը, մենք չենք սպասում երկրի անկմանը, բայց մենք հասկանում ենք՝ չնայած Իրանում անձնական գոյատևումն ու համակարգի պահպանումը դեռ կարելի է երաշխավորված անվանել, բայց ակտիվ արտաքին քաղաքականությունն Իրանին չհանգեցրեց հաղթանակի, այն Իրանին բերեց բավականին բարդ իրավիճակի. Իրանի թշնամիների կոալիցիան՝ և Իսրայելը, և Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեծ հաջողությունների են հասել նրան դիմակայելու գործում»։

Իհարկե, նման դատողություններում կա քարոզչական չափազանցության և ցանկալին իրականության տեղ ներկայացնելու էական տարր։ Միևնույն ժամանակ, դժվար թե նպատակահարմար լինի հերքել, որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր իրողությունը բարդ մարտահրավերներ է դնում Իրանի առջև, որոնց արդյունավետ պատասխանելը սաստկացող հասարակական-քաղաքական պառակտման պայմաններում դժվար թե հնարավոր լինի:

Ամեն պարագայում, պետական կառավարման և ռազմավարական որոշումների կայացման բարդ համակարգը պետք է անցնի ամրության բարդ քննություն, և Իրանի շարժումն իր հազարամյա պետականության ավանդույթներով Սիրիայի ճանապարհով՝ որպես անկախ պետություն իր կարճատև գոյությամբ, ամենևին էլ կանխորոշված չէ։

Թարգմանությունը՝ Գ.Մ.

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս