Ցինիզմի նոր որակ, անպատասխանատու հայտարարություններ՝ ընդդեմ լրատվամիջոցների, լրագրողների

Այս իշխանությունը, որի գլխին երբեմնի լրագրողական ընտանիք է, թվում է, թե պետք է որ լավ իմանար ու գիտակցեր մեդիադաշտի ֆունկցիոնալ առաքելությունը, սակայն իրենց վարած շվայտ կյանքի աղբյուրները հանրությունից գերգաղտնի պահելու մոլուցքից դրդված՝ կորցրել են թե՛ իրականության հետ կապը, և թե՛ հատել բոլոր թույլատրելի կարմիր գծերը:

Այսպես՝ ի պատասխան Panorama.am-ի՝ նախ ՀՀ կառավարությանը, ապա Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին ուղարկված գրավոր հարցման, որով լրատվամիջոցն իշխանություններից ընդամենը փորձել էր պարզել՝ որքա՞ն գումար է ծախսվել Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար՝ խնդրելով տրամադրել ծախսերի բացվածքը, այդ թվում` վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը, ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից, և Նիկոլ Փաշինյանի կնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար, լրատվամիջոցը ստացել է մի պատասխան, որը, մեղմ ասած, հարիր չէ պետության ղեկավարի կնոջ անվան հետ կապվող կազմակերպությանը:

«Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ  կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին»,- ցինիզմի այս նոր որակը, փաստորեն, իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանության համար համարվում է օրինաչափ:

Լրատվամիջոցն իրավունք ունի և պարտավոր է հանրությանը մատուցել ճշտված տեղեկություններ, և հենց այդ նկատառումով է դիմել իրավասու կառույցներին՝ ցանկանալով իր ընթերցողին ներկայացնել ճշգրիտ թվեր, բայց Աննա Հակոբյանը թերևս չի ցանկանում, որ հանրությունն իմանա իրականությունը:

Կասկած չունենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրված պատասխանի բովանդակության հեղինակն անձամբ Աննա Հակոբյանն է, որը փորձել է մեդիագրագիտության դասեր տալ լրագրողին՝ խուսափելով ներկայացնել ծախսված միլիոնների մասին հաշվետվությունը:

Հատկանշական է, որ պատասխանատու լրատվամիջոցին մեդիագրագիտության դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ, ում օգնականն իրապես մեդիաաղբ տարածող Perfect.TV-ի ձայնն է՝ Ստելլա Սարուխանյանը, իսկ ամուսնու աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ Տարոն Չախոյանի անունը կապվում է Medianews.am ապատեղեկատվություն ու լրագրության հետ օրգանական առնչություն չունեցող, հաճախ ամենապիղծ հոդվածներ տարածող կայքի հետ:

Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թերևս պարտադիր է ընդօրինակել մեդիայի հետ Փաշինյան զույգի հարաբերվելու կերպը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել իրականության հետ առերեսվել չցանկացող, բաց աղբյուրներից օգտված ու իր ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներ կատարող լրատվամիջոցներին դատի տալու հակում ունեցող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին անզուսպ խոսքը լրատվամիջոցների հասցեին Հայկ Մարությանի հետ տրանսպորտի սակագների հարցով բանավեճի ժամանակ:

«Ֆակտոր» ՀԸ-ի եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճում Ավինյանը, արձագանքելով Մարությանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին և «ՍիվիլՆեթի» ու OCCRP-ի վկայակոչված հոդվածին, ասել է, թե արդեն իսկ դատական հայց կա «ՍիվիլՆեթի» դեմ, և իր հորը հորդորել է նման մի հայց ևս ներկայացնել։

Բանավեճի ժամանակ Ավինյանը հայտարարել է, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց», ապա հաղորդավարի ճշտող հարցին ի պատասխան՝ նշել՝ «որոշ մեդիաներ»՝ նկատի ունենալով նախ «Սիվիլնեթի» հրապարակումը, որի առնչությամբ, իհարկե, դատի է տվել լրատվամիջոցին, մինչդեռ հոդվածը սուտ որակելով՝ Ավինյանը չի ներկայացրել որևէ հերքող փաստարկ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է  կառավարող քաղաքական ուժի ու նրա հետ աֆիլացված անձանց՝ սահմաններ չճանաչող վարքագիծը լրատվամիջոցների նկատմամբ:

Մամուլը թիրախավորելու նվազագույն փորձն անգամ դատապարտելի է: Պատասխանատու լրատվամիջոցները լավ գիտեն իրենց գործը և ամեն ինչ անում են՝ իրենց ընթերցողներին ճշմարտացի ու ճշտված տեղեկատվություն տրամադրելու համար՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մերձավորների կողմից տիրապետվող կայքերի ու յութուբյան ալիքների կողմից դաշտ նետված տարատեսակ իրապես լրատվական աղբի:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իշխանության անզուսպ վարքագծի հերթական դրսևորման, խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ընթացող այս իրավիճակը կներկայացնի միջազգային գործընկեր կազմակերպություններին:

Տիգրան Ավինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի լրատվամիջոցների հասցեին արված որևէ ողջամիտ բացատրություն չունեցող արտահայտության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութեր

Լրահոս