Քաղաքացիական պայմանագիր՝ ընդդեմ ՔՊ-ի
Տևական ժամանակ է՝ հայկական քաղաքականության մեխանիզմը գտնվում է Փաշինյանների սոցցանցի էջեր՝ հարյուրավոր քննադատող էջեր տիրույթում։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը կանոնավոր պարբերականությամբ տեսանյութեր կամ գրառումներ են հրապարակում, որոնց մեծամասնությունը լուրջ կոնֆլիկտի մեջ է էսթետիզմի, բարեվարքության, պետության ղեկավարին ներկայացվող պահանջների հետ։ Յուրաքանչյուր նման հրապարակումից հետո հանրային-քաղաքական դաշտը սկսում է դրանց արձագանքումը՝ քննադատությունից մինչև հեգնանք, ծաղրից՝ մինչև հայհոյանք։ Տեխնոլոգիական իմաստով այս գործընթացը բավական կանոնավորված է ու սխեմատիկ։
Տեղեկատվական դաշտում հանրային-քաղաքական սեգմենտը ներկայացված է մի քանի տասնյակ, գուցե մի քանի հարյուր ակտիվ օգտատերերով, որոնց մեծ մասը կազմ-պատրաստ սպասում է Փաշինյանների հերթական հայտնությանը սոցցանցում։ Նրանց յուրաքանչյուր գրառումից կամ տեսանյութից հետո ահա այդ սեգմենտում սկսվում է իսկական մրցակցություն, թե ով ավելի սրամիտ կծաղրի Փաշինյանին կամ նրա տիկնոջը, ով ավելի գռեհիկ համեմատություն կանի նրանց հերթական գռեհիկ հրապարակման առնչությամբ, և այդպես շարունակ։
Եվ մինչ Փաշինյանները հրապարակում են իրենց օգտահաշիվների այցելությունների վիճակագրությունը, նրանց պատասխանողներն առանց հրապարակելու մրցում են իրար մեջ՝ մեկմեկու աչքը մտցնելով Փաշինյաններին ի պատասխան նրանց արված գրառումների հավանումների թվերը։ Հենց այս՝ վիրտուալ, թվային հարթությունում էլ սկսվում ու ավարտվում է հայկական քաղաքական օրակարգն ու դիսկուրսը, այն դեպքում, երբ մինչ հանրային ուշադրությունը զբաղեցվում է այս անօգուտ ղալմաղալով, իրական կյանքում զբաղեցնողների իշխանությունն անում է այն, ինչը չնկատելու համար պետք է զբաղեցումը։
Հետաքրքիր է, որ Փաշինյանների սոցցանցային հրապարակումներին պատասխանողների մեծ մասի լեյտմոտիվն այն է, թե ինչպե՞ս կարող է այսքան մարտահրավերներ, գոյաբանական սպառնալիքներ ունեցող երկրի ղեկավարը հանրությանը ներկայացնել՝ ինչպես է ֆռթացնում սուրճը, կամ ինչպես է կինը փաթաթում տոլման։ Դա միանգամայն արդարացի հարցադրում է մինչ այն պահը, երբ նույն հարցադրում հնչեցնողները ներքաշվում են նույնպիսի անարժեք հակադրության մեջ, որն արտահայտվում է հեգնանքով, սրամիտ կամ տափակ հումորով, բարձրարժեք կամ գռեհիկ պիտակավորումներով։ Բայց անկախ այդ հակադրության էսթետիկ կողմից, խնդիրը հենց հակադրությունն է ինքնին, ներքաշվելը մի օրակարգում, որը, այո, որևէ աղերս չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։
Նիկոլ Փաշինյանը լուծում է պարզ խնդիր․ ցանկացած գնով պահպանել իշխանությունը, ապահովել դրա վերարտադրությունը։ Այդ խնդրի լուծման համար նա կանգ չի առնում ոչնչի առաջ, այդ թվում՝ հաճույքով հանրային բանավեճի նշաձողն իջեցնում է սեփական ամուսնական կարգավիճակի քննարկման մակարդակի։ Բայց այդ բանավեճը տեղի չի ունենա, եթե դրանում չներգրավվեն նրա ընդդիմախոսները, որոնք՝ անկախ հակադարձման բովանդակությունից, ապահովում են բանավեճի կայացումը և իրենց հերթին նպաստում են դրա նշաձողի իջեցմանը գրեթե կեղտոտ սպիտակեղենի մակարդակի։
Այս գործընթացում պայմանականորեն ներգրավված են երկու սուբյեկտներ. մի կողմից՝ ի դեմս Փաշինյանների, և տասնյակ կամ հարյուրավոր սուբյեկտներ մյուս կողմից՝ ի դեմս նրան քննադատողների։ Դա նշանակում է, որ այդ գործընթացը, Փաշինյանների նպատակադրումը կարող է տապալվել, եթե մյուս կողմի սուբյեկտների գոնե մեծ մասը չբարձաձայնվող համաձայնությամբ ուղղակի անտեսի նրանց սոցցանցային հայտնությունները, արհամարհի դրանք և շարունակի հանրության հետ խոսել այն իրական խնդիրների մասին, որոնց անտեսման համար քննադատում է Փաշինյաններին։
Սա կարող է դառնալ յուրատեսակ քաղաքացիական պայմանագիր և հակադրվել իշխող խմբակի՝ «Քաղաքացիական պայմանագրին»։ Քաղաքացիական պայմանագիրը, իրական քաղաքացիական պայմանագիրը պետության հիմքն է, առանց որի որևէ հասարակություն չի կարող պայմանավորվել համակեցության հիմնական կանոնների շուրջ։ Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես պետության համար կարևորագույն ցանկացած հասկացություն, այլասերել է նաև քաղաքացիական պայմանագրի գաղափարը՝ այդպես անվանելով իր կուսակցությունը, որն ամենօրյա ռեժիմով զբաղված է պետության կազմաքանդմամբ։
Այդ նպատակին նա հասնում է նաև սեփական ընտանիքի կողմից իրականացվող տեղեկատվական տեռորի շուրջ հակընդդեմ «քաղաքացիական պայմանագիր» կայացնելով, որին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր պայքարում են կամ ցույց են տալիս, թե պայքարում են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
Հարություն Ավետիսյան