
Գերմանայի պատվիրակությունը բանակցել է Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդի հետ

Գերմանական պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով գերմանացի հանձնակատար Թոբիաս Թունկելի գլխավորությամբ, բանակցություններ է վարել Սիրիայում իշխանության եկած թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի, խմբավորման արտաքին գործերի ներկայացուցիչ Զայեդ ալ-Աթթարի և անցումային կառավարության կրթության նախարարի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ին։
Երեքշաբթի անցկացված հանդիպմանը երկու կողմերը քննարկել են Սիրիայում քաղաքական անցումը և մարդու իրավունքները, ասված է ԱԳՆ հայտարարության մեջ՝ հավելելով, որ պատվիրակությունը զրուցել է քաղաքացիական հասարակության և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և շրջել Դամասկոսում Գերմանիայի դեսպանատան շենքում։
«Քննարկումը կենտրոնացած էր քաղաքական անցման և փոքրամասնությունների և կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մեր ակնկալիքների վրա, որպեսզի կարողանանք խաղաղ զարգացում տեսնել Սիրիայում»,-ասված է հայտարարության մեջ: