
Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը 12 տարվա ընդմիջումից հետո ժամանել է Դամասկոս

Ֆրանսիայի պատվիրակությունը Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Ժան Ֆրանսուա Գիյոմի գլխավորությամբ դեկտեմբերի 17-ին ժամանել է Դամասկոս և այցելել դեսպանատան շինություններ, որոնք փակ են 2012 թվականից։ Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:
«Ֆրանսիան պատրաստվում է սիրիացիների կողքին լինել անցումային ժամանակաշրջանում», – լրագրողներին հայտնել է Գիյոմը։
Ֆրանսիական պատվիրակությունը նշել է, որ մտադիր է «շփվել Սիրիայի դե ֆակտո իշխանությունների հետ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը Դամասկոս է ուղարկում չորս դիվանագետի։
Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ժան Նոել Բարոյի խոսքով՝ դիվանագետների նպատակը լինելու է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցությունը վերադարձնելը, նոր իշխանությունների հետ նախնական շփումների հաստատումը» և «բնակչության հումանիտար կարիքների գնահատումը»։