«Գյումրիից հետո այն համայնքներն են, որոնք դեռևս ՔՊ-ն չի զավթել». Արկադի Թամազյան

Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, իր համար սպասելի էր, քանի որ դեռևս նախորդ տարի ասել էր, որ ՔՊ-ի համայնքային իշխանազավթման գործընթացը տեղի է ունենալու Գյումրիում։

«Դեռ նախորդ տարի ենք ասել, որ Ալավերդիից հետո հաջորդը Գյումրին է, իսկ Գյումրից հետո՝ այն համայնքները, որոնք դեռևս ՔՊ-ն չի զավթել։

Եթե այսպես շարունակվի, ապա անիմաստ է ՔՊ-ի հետ մասնակցել որևէ ՏԻՄ ընտրությունների, քանի որ, մեծ հաշվով, ընտրվի կամ չընտրվի, մեկ է՝ ՔՊ-ի համար չի ընտրվելու, քանի որ նրանց համար ՏԻՄ, որպես այդպիսին, գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արկադի Թամազյանը։

Ըստ նրա, եթե որևէ ՏԻՄ-ում ընտրվի ոչ ՔՊ-ական, ապա նույն Ալավերդիի, Վանաձորի, Գյումրու օրինակով մարդկանց վրա քրեական գործեր կհարուցեն, կձերբակալեն։

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ են այսօր բոլոր հասարակական կազմակերպությունները լռում, մինչդեռ նախկինում, եթե որևէ մեկը բողոքում էր, նրանք միանում էին, դիմում միջազգային ատյաններ, Արկադի Թամազյանը պատասխանեց, որ այս հարցին պետք է պատասխանեն հասարակական այն կազմակերպությունները, որոնք նախկինում ամեն առիթով բողոքում էին, իսկ հիմա տեղի ունեցողի հետ կապված՝ որևէ բառ չեն ասում։

«Օրինակ, 2017 թվականին՝ Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին, երբ Ախթալա խոշորացված համայնքում տեղի ունեցան ընտրություններ, ես՝ որպես անհատ, մասնակցեցի և ընտրվեցի՝ հաղթելով ՀՀԿ-ական թեկնածուին։ Եվ որևէ խնդիր չառաջացավ, որևէ ճնշում չեղավ, շատ հանգիստ աշխատեցի։

Դրանից հետո կառավարության փոփոխություն տեղի ունեցավ, ես դա հեղափոխություն չեմ համարում, այդ ժամանակ աշխատեցի, ՔՊ-ի համար նորմալ էր։ Իրենց համար ընդունելի էր, ԱԺ-ում գովաբանում էին, Ախթալայի օրինակն էին ամեն տեղ բերում։ Բայց երբ տեղի ունեցան Ալավերդու ընտրությունները, և ես այլ կուսակցությամբ մասնակցեցի ընտրություններին և հաղթեցի՝ սկսվեցին ճնշումները։ Մեծ հաշվով, ՔՊ-ի համար ամենակարևորն այն է, որ բոլոր ՏԻՄ-երում լինի ՔՊ ներկայացուցիչ, թե ինչ ձևաչափով՝ էական չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հաջորդ հարցին՝ այսինքն, եթե ՔՊ-ական դառնար՝ կմնա՞ր համայնքապետի պաշտոնին, Արկադի Թամազյանը պատասխանեց՝ միանշանակ։

«Ինձ ՔՊ-ից տարբեր առաջարկներ են արել՝ հրաժարվել եմ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է համայնքապետի պաշտոնից իրեն հեռացնելու վերաբերյալ ներկայացրած դատական հայցին, Արկադի Թամազյանն ասաց, որ հայցն այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք՝ նախորդ տարի դեկտեմբերի 5-ին, վաղ առավոտյան Ալավերդի համայնքում հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին Ալավերդու համայնքապետարանի շենքը, որպեսզի ապահովեին համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը։

Այդ գործընթացին միացել էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Կարմիր բերետավորները թույլ չէին տալիս, որպեսզի «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք, և այդ պայմաններում էլ ՔՊ-ական ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին համայնքապետ Արկադի Թամազյանին։ Այդ ընթացքում հասցրել էին նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանին «ընտրել» համայնքապետ։

Երեկոյան արդեն Ալավերդի համայնքում կրքերը հանդարտվել էին, Արկադի Թամազյանը հեռացվել էր, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը՝ զբաղեցրել համայնքապետի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս