44-օրյա պատերազմի հերոսներ չկա՞. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «

Վերջերս ներկա էի «Հայաստան-Արցախ-Սփյուռք» հասարակական կազմակերպության մի միջոցառման, որն սկսվեց վերջին պատերազմների հերոսների մեծարմամբ: 44-օրյա պատերազմի, 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի, 2023 թվականին Արցախի պաշտպանության մարտերում զոհված, վիրավորված մեր զինվորների, նրանց ծնողների հասցեին հնչեցին երախտիքի ջերմ ու անկեղծ խոսքեր: Դա, ինձ թվում է, շատ ճիշտ մոտեցում է:

Անկախ նրանից, թե ինչպես են մարտերն ավարտվել, մենք ունեցել ենք եւ ունենք հսկայական մարդկային ներուժ, որը կարող է դառնալ եւ, վստահ եմ, կդառնա մարտունակ բանակի եւ, հետեւաբար, անվտանգ պետության երաշխավորը: Ինչո՞ւ այդ հերոսների մասին պաշտոնապես չի խոսվում, ինչո՞ւ իշխանական դիսկուրսում ընդհանրապես չկա «հերոս» բառը:

Ինչո՞ւ, հակառակը՝ պաշտոնական քարոզչությունը խոսում է 11 հազար դասալիքների, ռազմաճակատում «5-րդ շարասյան» եւ «թալանված բանակի» մասին: Ինչո՞ւ է ասվում, որ 2023-ի սեպտեմբերին Արցախը չէր դիմադրում եւ հանձնվեց առանց մարտերի (բացարձակապես սուտ, ցինիկ եւ, կասեի, սրբապիղծ պնդում): Պատասխանները պարզ են: Պատերազմները վարում են պետությունները, ոչ թե բանակները:

Կարդացեք նաև

Պատերազմում պարտության գլխավոր մեղավորը պետության ղեկավարն է: Սակայն Փաշինյանը ցանկանում է իր վրայից մեղքը գցել եւ այն բարդել հազար ու մի հանգամանքների, այդ թվում՝ մեր բանակի վրա:

Հենց այդ պատճառով է, որ ներկա իշխանությանն ու նրա քարոզչությանը հերոսներ պետք չեն: Կա նաեւ ավելի ընդհանուր պատճառ: Պերսոնալիստական (անձնավորված) ավտոկրատիան մշտապես ցանկանում է նվազեցնել բանակի դերը՝ վախենալով ռազմական հեղաշրջումից: Դուք նկատե՞լ եք, որ Ռուսաստանում չկան «հատուկ ռազմական գործողությունների» հերոսներ՝ չնայած պատերազմը տեւում է արդեն երկուսուկես տարի, եւ, որոշ տվյալներով, ռուսական կողմն ունի կես միլիոնից ավելի զոհվածներ ու վիրավորներ:

Բայց պատերազմի միակ «հերոսը» Պուտինն է, ինչպես եւ Ադրբեջանում միակ «հերոսն» Ալիեւն է: Նույն պատճառով, ի դեպ, Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի առաջին շքերթն անցկացվեց 1945 թվականի, իսկ երկրորդը՝ 1965 թվականի մայիսի 9-ին: Ինչի՞ համար էր պետք 20 տարվա այս ընդմիջումը: Որպեսզի սերնդափոխություն լինի, պատերազմի հիշողությունը խամրի, իսկ վետերանները տարիքն առնեն ու այլեւս վտանգավոր չլինեն:

…Փաշինյանի եւ նրա թիմի քարոզն ուղղված է աղետալի ձախողումների «արդարացմանը», ինչպես նաեւ մեր «թույլ» եւ «անճարակ» լինելու արձանագրմանը: Պետությունն այսօր իսկապես թույլ է, բայց «թուլացնողը» ոչ թե բանակն է, ոչ թե նախկինում կատարված իրական եւ հնարովի հանցագործությունները, այլ մանր խարդավանքներով ապրող իշխանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031