Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2021 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր բաժնետոմսերի 25 տոկոսը հենց այնպես նվիրաբերեց ՀՀ կառավարությանը: Հետագայում եւս 6,8 տոկոս ավելացրեց դրան: Այն ժամանակ թվում էր, թե դա քաղաքական որոշման արդյունք է` ռուսական իշխանությունների հետ կայացված, սակայն երբ «ՄՏՍ-Արմենիան»` Վիվասելն էլ իր 20 տոկոսը նվիրաբերեց, պարզ դարձավ, որ պետական ռեկետի այս գործընթացը «ֆլեշմոբի» է վերածվում, եւ ՀՀ կառավարությունը դրա վրա կանգ չի առնելու` այլ ընկերություններից էլ է բաժնեմասեր «խլելու»:

Հաջորդը անոնսվեց «Լիդիան Արմենիայից» բաժնեմաս վերցնելու գործընթացի մասին: Լուրեր տարածվեցին, որ ՀԷՑ-ից են փորձում նույն սկզբունքով խլել, «Թիմ տելեկոմից», բայց «Լիդիանից» բաժնեմաս ստանալու արարողությունն անսպասելիորեն հետաձգվեց, թեեւ ազդարարվել էր, որ մարտի 26-ին էկոնոմիկայի նախարարը հանդիսավոր պայմաններում ընդունելու է այդ «նվերը»: Եվ մինչ օրս չի կայացել:

Մեր տեղեկություններով, պետական ռեկետի այս փորձերը շատ վատ են ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից, եւ ԱՄՆ դեսպանը հասկացրել է, որ իրեն ժողովրդավար հռչակած երկիրը չի կարող մասնավորին պարտադրել, որ բաժնեմաս հանձնի իրեն, դա հակասում է բիզնեսի եւ ազատ շուկայի մասին համընդհանուր պատկերացումներին: Եվ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել հրաժարվել այս արատավոր «ֆլոշ-մոբը» շարունակելու մտքից»:

Տեսանյութեր

Լրահոս