Որքա՞ն գումար է հատկացնում ԱՄՆ-ն արտաքին օգնությանը և ու՞ր է այն գնում
Սրանք այն առաջնային հարցերից են, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է անդրադառնալ՝ հունվարին անցնելով աշխատանքի։
Բժշկական պարագաներ Հնդկաստանի համար. պարենային օգնություն Գազայի համար․․․։
ԱՄՆ-ն ավելի շատ օտարերկրյա օգնություն է ցուցաբերում, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Միայն 2022 ֆինանսական տարում այն կազմել է մոտ 70 միլիարդ դոլար, ինչը Միացյալ Նահանգների ողջ պետբյուջեի 1%-ն է, որն ուղղվում է մարդասիրական օգնության, օտարերկրյա տնտեսական զարգացման, խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար և այլ ուղղությունների:
Պարզ չէ, թե ինչ մոտեցում է ցուցաբերելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը արտաքին օգնության հարցում, երբ հունվարին ստանձնի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը: Թեև իր նախագահության առաջին ժամկետում Թրամփը ներկայացրել էր իր տեսակետները 2018 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Մենք կուսումնասիրենք, թե ինչն է աշխատում, ինչը չի աշխատում, և արդյոք այն երկրները, որոնք ստանում են մեր դոլարներն ու մեր պաշտպանությունը, մեր շահերի կողքին են: Առաջիկայում օտարերկրյա օգնություն ենք տրամադրելու միայն նրանց, ովքեր մեզ հարգում են և, անկեղծ ասած, մեր ընկերներն են»,- ասել էր Թրամփը:
Իր նախագահության տարիներին Թրամփն կրճատեց ամերիկյան արտաքին օգնության մի մասը, բայց Կոնգրեսը հաճախ արգելում էր նրան այդ անել՝ մերժելով առաջարկները:
«Նա զգալի կրճատումներ է արել կլիմայի փոփոխությանն ուղղված գումարի առնչությամբ: Որոշակի փոփոխություններ կատարեց, օրինակ՝ պաղեստինյան օգնության պարագայում, բայց Միացյալ Նահանգների օգնության քաղաքականությունը համեմատաբար անփոփոխ մնաց»,- ասում է Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Մայերը:
Թրամփն իր առաջին ժամկետում սահմանափակեց ԱՄՆ կառավարության հատկացումները հղիության արհեստական ընդհատման կրթական ծրագրին
ու առնչվող ծառայություններին, ինչպես նախկին հանրապետական վարչակազմերն են արել, և ակնկալվում է, որ նա նորից այդ կանի:
«Բայդենի վարչակազմի օրոք ֆինանսավորում է հատկացվել աբորտի մասին կրթությանը: Թրամփի առաջին վարչակազմի օրոք թույլ չէինք տալիս ֆինանսավորում տրամադրել հասարակական կազմակերպություններին, որոնք խթանում էին աբորտները»,- ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ գիտաշխատող Բոնի Գլիկը:
Ինչևէ, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թրամփի նախընտրած թեկնածուն՝ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն այս փետրվարին Կոնգրեսում հայտարարեց, թե «այն, ինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, նշանակություն ունի», և որ ԱՄՆ-ն այդ մասին պետք է հոգ տանի, թեև գերական Թրամփի հռչակած «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականությունն է:
«Որևէ կոնկրետ իրավիճակում կա՛մ կորցնում ենք ողջախոհությունը, կա՛մ հետևողականորեն անտեսում ենք աշխատասեր ամերիկացիների կարիքները և նորից ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին վեր ենք դասում նրանցից»,- ասում է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:
Գլիկն նշում է, որ Թրամփի նոր վարչակազմն, անկասկած, ուշադիր է լինելու, թե որտեղ ու ինչպես են ծախսվում ԱՄՆ հարկատուների դոլարները:
«Ենթադրում եմ, ԱՄՆ ՄԶԳ-ի բոլոր գլոբալ ծրագրերի` 100 տարբեր ծրագրերի աուդիտ է լինելու»,- հավելում է Գլիկը:
Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ ԱՄՆ-ն առավելագույն օգուտ ստանա ամերիկացի հարկատուների՝ արտերկրում ծախսած դոլարներից: