#ՀԻՄԱ. Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի Ռուսաստանը, ոչ թե Արևմուտքը. Զուրաբյան. #ՈՒՂԻՂ

Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի միայն Ռուսաստանը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Քաղաքական գործիչը վստահ է, որ հենց այդ պատճառով էլ իշխանությունները չեն շտապում դե յուրե դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ չնայած անդամակցության հայտարարված սառեցմանը։

Նրա խոսքով՝ 2022թ․ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի պահվածքի լույսի ներքո հայ հասարակության մեջ կա որոշակի դժգոհություն և թյուրըմբռնում: Բայց հարցն այն է, թե ինչպես են իշխանություններն օգտագործում հայ հասարակության այդ արձագանքը։

«Պատճառը, թե ինչու է Փաշինյանը հայտարարում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, բայց շարունակում լինել ՀԱՊկ-ում, միանգամայն պարզ է։ Նա շատ լավ գիտի, որ ՀԱՊԿ-ը և մասնավորապես Ռուսաստանը, այնուամենայնիվ, պատասխանատվություն են կրում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր ներխուժումը՝ Զանգեզուրի միջանցքը գրավելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ եթե կա ուժ, որը դիմակայելու է այդ ագրեսիային, լինելու են ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, մասամբ նաև Իրանը»,- նշել է Զուրաբյանը։

Փաշինյանը շատ լավ գիտի, որ Արևմուտքը չի միջամտելու ո՛չ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, ո՛չ էլ Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու տեսքով։ Արևմուտքը շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես տարածաշրջանում հնարավոր գործընկեր Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում։

Եվ սա, Զուրաբյանի կարծիքով, միակ շարժառիթն է, որի պատճառով Փաշինյանը դուրս չի գալիս կազմակերպությունից։ Բայց այն, ինչ նա հիմա անում է, ոչ մի տրամաբանական բացատրություն չունի, օրինակ` ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցել կամ չօգտագործել վետոյի իրավունքը, և այլն։

«Ինչի՞ չեք գնում, ակտիվ մասնակցում, ձեր հարցերը պարտադրում։ Իմաստը ո՞րն է, ընդամենն ուզում են Հայաստանի տարածքային ամբողջականության համար ֆորմալ պատասխանատվությունը պահել ՀԱՊԿ-ի համար, մնացած հարցերով ինտեգրվել Արևմուտքի հետ։ Էս ի՞նչ քաղաքականություն է։ Նորից նիկոլական քաղաքականություն է»,- հայտարարեց նա։

Զուրաբյանը նման մարտավարությունը համարում է պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները թակում են բետոնե պատը՝ կարծելով, թե դա Եվրամիության դուռն է, զուգահեռ էլ սեփական բնակչությանը կերակրում են կեղծ խոստումներով և պատրանքներով։

«Իշխանությունները թակում են մի դուռ, որն իրականում չկա, բետոնե պատ է, այսինքն` այն երբեք չի բացվի։ Սա ուղղակի պատրանքների «վաճառք է» սեփական բնակչությանը։ Հաշվի առնելով հայկական հանրությունում առկա հակառուսական տրամադրությունները, որոնք առաջացել են ղարաբաղյան իրադարձություններից հետո` իշխանությունները շահարկում են այդ ամենը, որպեսզի ամրապնդեն սեփական իշխանությունն ու Արևմուտքի համակրանքը։ Նրանք նաև հասկանում են, որ Արևմուտքն այդ դեպքում լուրջ PR աջակցություն կապահովի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,- ասաց քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը և հռետորաբանությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում։

Զուրաբյանի կարծիքով՝ երկրի ղեկավարությունը չունի մշակված, մտածված և ծանրութեթև արված արտաքին քաղաքականություն։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի դեպքում էլ Փաշինյանը դեռ հստակ պատասխան չի տվել, թե իրոք ինչի է ձգտում Հայաստանը։ Զուրաբյանը հռետորական հարց հնչեցրեց՝ եթե Երևանն իրոք ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ապա արդյոք բոլոր ռիսկերն ու հնարավոր ծախսերը հաշվարկված են։ Նրա խոսքով՝ ժողովրդին ասում են, թե երկիրը գնում է դեպի ԵՄ, այդ ճանապարհին դժվարություններ կլինեն, գազը կթանկանա, բայց արդյունքում «պայծառ ապագա» է սպասվում։ Քաղաքական գործիչը վստահ է՝ ոչ ոք այդ ռիսկերը չի հաշվարկել և ժողովրդին անկեղծորեն չի ներկայացրել իր նկատառումները։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031