Բաժիններ՝

Նախկինում կատարված գողությունը բացահայտվել է

Բնակարանային գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հոկտեմբերի 23-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ արտերկրում գտնվող մորաքրոջ՝ Ոստան գյուղի տնից գողացել են զենք:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել, մտել էին ներս, տան իրերը տակնուվրա արել և գողացել տանտիրոջ որդու անվամբ հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը և օդաճնշիչ հրացան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ գողությունը կատարել էր Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը:

Պարզվել է նաև, որ նա գողության հաջորդ օրը որսորդական ողորկափող հրացանը 120 հազար դրամով Արմավիր քաղաքում վաճառել էր Սարդարապատ գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդին:

Հետագա միջոցառումներով սարդարապատցի երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Հրացանը հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս