
Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը. Արարատ Միրզոյան

Ֆիննական լրատվական գործակալության հետ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես դրական նորություն նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը:
«Ընդհանուր առմամբ, մենք ունենք սահման և մենք գիտենք, թե որտեղ է այն. այն հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը ստորագրվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից և վարչական սահմանները վերածել պետական սահմանների: Իհարկե, երկու երկրների հանձնաժողովները պետք է միասին աշխատեն հետագա սահմանազատման ու հստակ սահմանագծման ուղղությամբ»:
Նախարար Միրզոյանը, սահմանազատումը բնուգագրելով որպես ապագա կայունության երաշխիք՝ նշել է. «Որքանով որ այս օրերին հնարավոր են որևէ երաշխիքներ, հստակ սահմանազատված սահման ունենալը շատ ուժեղ մեխանիզմ է»:
Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար:
«Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն»,- ասել է նա: