Բաժիններ՝

«Ղեկավար չունենք. Ավինյանի համար ավելի վատ վիճակ է լինելու, դեռ չի պատկերացնում». Պեդրո Զարոկյան

Հանրությունը շարունակում է դժգոհել հանրային տրանսպորտի որակից, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող թանկացումներից։

Շատերի համար հունվարի 1-ից հանրային տրանսպորտով երթևեկելը դառնալու է  խնդրահարույց, քանի որ թոշակների, աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունեցել, փոխարենը՝ ամեն ինչ թանկացնում են, այդ թվում՝ հանրային տրանսպորտը։

Ժողովրդի դժգոհություններին զուգահեռ՝ երկու օր առաջ բողոքի ակցիա իրականացրեցին նաև հանրային տրանսպորտի մի խումբ վարորդներ՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը և աշխատելու համար նորմալ պայմաններ ստեղծել։ Բողոքի ակցիայի ընթացքում շատ վարորդներ լրագրողներին տեղեկացրեցին, որ Քաղաքապետարանն իրենց հեռացրել է աշխատանքից։

Երեկ էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանրային տրանսպորտում քաղաքացիներին բացատրում էր, թե ինչ է սպասվելու հունվարի 1-ից։

Կարդացեք նաև

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը վստահ է՝ ժողովուրդը ոտքի է կանգնելու ու պայքարի հանրային տրանսպորտի թանկացումների դեմ։

«Այս թանկացումը մեծ մասամբ ազդելու է հատկապես մարզերից Երևան եկող մարդկանց վրա, նրանք ամեն օր չեն օգտագործելու այդ քարտերը, ինչպես նաև այն անձանց համար, որոնք շաբաթը 1-2 անգամ են օգտվելու հանրային տրանսպորտից։

ՔՊ-ն հայ ժողովրդին բաժանել է երկու հատվածի՝ մի մասի համար փաթեթը ձեռնտու է, իսկ ամենախոցելի խմբի համար թանկանալու է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պեդրո Զարոկյանը։

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը պրիմիտիվ գիտելիքներ չունի, թե ինչ է պետք անել, որպեսզի հանրային տրանսպորտը նորմալ աշխատի, իսկ վարորդները լավ աշխատեն։ Եվ այս ամենի արդյունքում տուժում է ժողովուրդը։

«Կառավարիչ, ղեկավար չունենք, ամբողջ խնդիրը սա է։ Տիգրան Ավինյանը տրանսպորտով երթևեկելով ու մարդկանց հետ խոսելով՝ նրանց չի կարող համոզել։ Ժողովրդի մեծ մասն այսօր չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց Ավինյանի համար ավելի վատ վիճակ է լինելու, ինքը չի պատկերացնում դեռ։

Ամեն ինչ ակնհայտ կլինի, երբ մարդիկ գան մարզերից, կարիքավորներն ուղեվարձի տոմս գնեն 300 դրամով։ Այդ պահին բողոքի ալիքը կբարձրանա, մենք էլ նրանց կողքին կլինենք։

Ինչպես ասացի՝ ՔՊ-ն հայ ժողովրդին երկու մասի է բաժանել, հիմա չենք կարող ասել, թե որքան մարդ կընդվզի, բայց խնդիրներ հաստատ լինելու են»,- եզրափակեց Պեդրո Զարոկյանը։

Տեսանյութեր

Լրահոս