Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր է կազմակերպել. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Աղազարյանը հեռացվել է ՔՊ կուսակցությունից՝ «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների» պատճառով։

«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Իր կողմից արտահոսք արված տեղեկությունը գաղտնագրված է և օրենքով սահմանված կարգով գաղտնիության թույլտվություն ունեցող պաշտոնյաներն ու պատգամավորներն իրավունք չունեն դա հրապարակել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոնջորյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են վստահ, որ հենց Աղազարյանն է արտահոսքի հեղինակը, Կոնջորյանը պատասխանեց՝ վարչության նիստի ժամանակ նա այդ հանգամանքը չի հերքել։

Նա նշեց նաև, որ Աղազարյանի հետ առնչվող տարբեր քրեական գործերով հարուցված վարույթներ կան և հենց դրանց շրջանակներում իրականացված գործողությունների ժամանակ ի հայտ են եկել նաև այդ տեղեկությունները։

ՔՊ-ական Կոնջորյանի խոսքով՝ որևէ մեկը չի ճնշել Հովիկ Աղազարյանին, եթե իշխանությունը որոշեր ճնշել, ապա վերջինս մանդատը վայր կդներ։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի դեմ ՔՊ-ականների արշավը սկսվեց այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ չի պատրաստվում ընդունել Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու մասին հակասահմանադրական «խնդրանքը»։

Տեսանյութեր

Լրահոս